Հիշում եմ և պահանջում 

Մայր Աթոռում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, սեպտեմբերի 16-17-ին տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում ժողովականներին հայրապետական իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոսը` արդյունավետ ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Նորին Սրբությունը ողջունել է ժողովին ԳՀԽ նոր անդամների ներկայությունն ի դեմս Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի:


ԳՀԽ օրակարգում ընդգրկված են եղել առաջիկա սեպտեմբերի 18-20-ը  Եկեղեցական-ներկայացուցչական ժողովին, 2015թ. սեպտեմբերի 27-ին Մյուռոնօրհնության արարողությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև Թեմական ուղենիշային կանոնադրության թեմական կանոնադրություններում ներդրման գործընթացին առնչվող հարցեր, թեմական, ծիսական և կարգապահական խնդիրներ:

 

Մայր Աթոռում գումարվելիք Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նախապատրաստության մասին զեկույց է ներկայացրել Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` հանգամանորեն անդրադառնալով կազմակերպիչ հանձնախմբի կողմից կատարված աշխատանքներին և ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է հյուրընկալել ժողովի առիթով Նվիրապետական Աթոռներից ու աշխարհասփյուռ թեմերից ժամանող 155 ներկայացուցիչներին: Լսելով ներկայացված զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանք է հայտնել կազմակերպիչ հանձնախմբին:

 

Ժողովականները քննարկել են նաև Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության նախագիծը, որ ներկայացվել է Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության մշակման հանձնախմբի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Կատարված առաջարկների հիման վրա լրամշակված նախագիծը հանձնարարվել է քննարկել առաջիկա Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի ընթացքում:

ԳՀԽ անդամները լսել են նաև Թեմական կանոնադրությունների լրամշակման և խմբագրման հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի զեկույցը Թեմական ուղենիշային կանոնադրության թեմական կանոնադրություններում ներդրման գործընթացի մասին: Գերագույն հոգևոր խորհուրդը, գնահատանք հայտնելով կատարված աշխատանքի համար, հորդորել է շարունակել և ամբողջացնել թեմերում կանոնադրության ներդրման գործընթացը: Խորհուրդը, կարևորելով Հայ Եկեղեցու պայծառությանն ու առաքելության արդյունավետ իրագործմանը միտված այս կանոնադրական կանոնակարգումը, թելադրել է թեմերին նախանձախնդրությամբ ավարտին հասցնել որդեգրված փաստաթղթի ներդրման գործընթացը:

2009թ. թեմական ուղենիշային կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին հանձնախմբի առաջարկները ԳՀԽ անդամներին է ներկայացրել հանձնախմբի անդամ, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում ընդարձակել աշխարհականների մասնակցությունը թեմերի կառավարման գործընթացին, ինչպես նաև հստակեցնել և կանոնակարգել կապը Մայր Աթոռի և թեմերի միջև:

 

Գերագույն հոգևոր խորհուրդն ի գիտություն է ընդունել նաև Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցը Մյուռոնօրհնության արարողության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:

 

Մայր Աթոռի կողմից հայաշատ կենտրոններում կազմակերպվող Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մասին զեկույցով է հանդես եկել կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Զեկույցի քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի կողմից ծրագրվող հիշատակի միջոցառումներին: Կարևորվել է Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի, էկումենիկ կազմակերպությունների, ինչպես նաև այլ կրոնների ներկայացուցիչների մասնակցությունը 2015թ. ծրագրվող միջոցառումներին:

 

Ժողովի ընթացքում ԳՀԽ անդամները լսել են նաև Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի զեկույցը Աստվածաշնչի «Ս. Էջմիածին» թարգմանության սրբագրության վերաբերյալ: Սրբազան Հայրը տեղեկացրել է, որ երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի նախաձեռնությամբ 1985թ. գրաբարից կատարված Ս. Գրքի թարգմանությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Աստվածաշնչային ընկերության կողմից` աջակցությամբ Մայր Աթոռի միաբանների, տասը տարիների ընթացքում սրբագրության է ենթարկվել: Գերագույն հոգևոր խորհուրդը, ողջունելով կատարված աշխատանքը, գնահատանք է հայտնել Աստվածաշնչի «Ս. Էջմիածին» թարգմանության սրբագրման կարևոր գործում իրենց ներդրումն ունեցած բոլոր անձերին:

Նույն շարքից