Հիշում եմ և պահանջում 

Էստոնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել

Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Էստոնիայի Հաապսալու քաղաքում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի և ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Էստոնիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը, Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Խոսրով Ստեփանյանը, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր:


Միջոցառման նախաձեռնողներին հայտնելով իր երախտագիտությունը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեծապես կարևորել է պատմական ճշմարտության բարձրաձայնումը և դատապարտումը՝ որպես մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիր: «Մենք պարտավոր ենք հիշել և մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայության պատմության այդ դժվարագույն պահին եղել են մեր հայրենակիցների կողքին»,- ասել է Արմեն Աշոտյանը:

 

Իր հերթին Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը նշել է, որ Աննա Հեդվիգ Բյուլի առաքելությունը հայ և էստոնացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն է՝ խարսխված մարդասիրության և հոգևոր բարձրագույն արժեքների վրա: Նա հույս է հայտնել, որ այս հուշարձանի բացումը նոր առիթ կհանդիսանա, որպեսզի աշխարհի տարբեր մասերում ապրող հայերն այցելեն Հաապսալու քաղաք: 

Նույն շարքից