Հիշում եմ և պահանջում 

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի որոշումը՝ դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարանին, ճիշտ մտածված քայլ է. Հ. Սասունյան

Ըստ ամերիկահայ հրապարակախոս, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ շատ ճիշտ մտածված քայլ էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի որոշումը՝ դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարանին՝ պահանջելով Սիս կաթողիկոսարանը:

«Ես երկար տարիներ է՝ առաջարկում եմ, որ նման քայլ արվի ու խոսել եմ բոլորի հետ, ուրախ եմ, որ վերջապես էդպիսի առաջարկ մտածել են ու գործնական քայլերի են դիմում: Ես աջակցում եմ այս գաղափարը, որովհետև շուտով Ցեղասպանության 100-րդ տարին է, ու չենք կարող շարունակ խոսել դրա ճանաչման մասին: Դա ոչինչ չի տա մեզ, դա այն ժամանակ էր զորեղ, երբ մարդիկ չգիտեին՝ ինչ է այդ ցեղասպանությունը և ովքեր են հայերը: Այդ աշխատանքը մենք հաջող ձևով արել ենք, բայց վերջին տարիներին այլևս անիմաստ է մեր քիչ ռեսուրսները վատնել սրա վրա, բայց պետք է շարունակենք պահանջատեր լինենք»,-ասաց նա:

Հարութ Սասունյանը նշեց, որ ոչ մեկ չգիտի, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, բայց տարբեր ոլորտներում հայության կողմից ճնշումը Թուրքիայի կառավարության վրա իր արդյունքը կտա:

«Ի վերջո ինչ-որ մի ղեկավար կգա ու կնստի մեզ հետ՝ հասկանալու՝ ինչ ենք ուզում: Մենք էլ ներկայացնենք, իրենք կասեն՝ չենք կարող սա անել, բայց կարող ենք սա և սա: Դրա համար, որպես սկիզբ, պետք է սկսենք դատարաններից: Թուրքերը որոշ բաներ պատրաստ են մեզ տալու, քանի որ մենք գլխացավ ենք դարձել իրենց համար ու դրանից ազատվելու համար պատրաստ են իրականում զիջումների»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է սփյուռքը հիմնականում աշխատում Թուրքիայի ուղղությամբ, այնինչ այսօր Հայաստանի առաջին թշնամին և անվտանգությանը սպառնացողը Ադրբեջանն է, Սասունյանը պատասխանեց, որ ասվածի մեծ իսկապես ճշմարտություն կա, բայց այսօր սփյուռքը աշխատանք է սկսել նաև Ադրբեջանի դեմ:

«Սփյուռքի հայը ադրբեջանցու հետ կռիվ չի ունեցել, թուրքին է ճանաչում որպես թշնամի: Իհարկե, բոլորս էլ գիտենք Արցախի պատերազմի ու ներկայիս խնդիրների մասին, ու այդ ազատամարտին, թեև քիչ թվով, բայց սփյուռքի հայերից էլ են մասնակցել, պարզապես մենք ազերիների հետ դեմ առ դեմ կռիվ չենք ունեցել, պարզապես գիտենք իրենց քարտեզից։ Օրեցօր մեծանում է այն սփյուռքահայերի թիվը, որոնք պայքարում են ադրբեջանցիների դեմ, նրանք էլ սկսում են պայքարել մեր դեմ: Այսօր արդեն Ադրբեջանը լոբբիստական ընկերություններ վարձելու համար մեծ գումարներ է ծախսում, որ պայքարի ամերիկահայերի դեմ, հիմա մենք շարունակում ենք հակաթուրքական պայքարը, բայց նաև ավելացրել ենք մեր հակաադրբեջանական պայքարը»,-ասաց նա:

Նույն շարքից