Բիզնես Տնտեսություն 

IFAD-ը կարեւորում է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Եվրոպայի բաժնի երկրների տնօրեն Խալիդա Բուզարին:

Վարչապետը բարձր է գնահատել IFAD-ի հետ ծավալված շուրջ 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում իրականացվել է Հայաստանի գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն ուղղված 7 խոշոր ծրագիր: Կառավարության ղեկավարը կարեւորել է համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը, որոնք նպաստում են գյուղական տարածքներում կայուն գյուղատնտեսության ներդրմանը, ինչը կարեւոր է բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Հովիկ Աբրահամյանը նաեւ ողջունել է «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» նոր համատեղ ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկը կտրվի վաղը՝ աշխատաժողովի շրջանակում:

IFAD-ի տարածաշրջանային տնօրենը եւս արդյունավետ է գնահատել երկկողմ երկարամյա համագործակցությունը՝ շեշտելով, որ IFAD-ի համար Հայաստանը ճանաչելի է որպես նորարարական եւ հաջողված ծրագրերի փորձ ունեցող երկիր: Այս առումով Խալիդա Բուզարը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (FREDA) գործունեության կապակցությամբ եւ նշել, որ մեր երկրում իրականացված ծրագրերի հաջող փորձն օրինակելի եւ օգտակար կլինի IFAD-ի մյուս գործընկեր երկրների համար:

Զրուցակիցները, անդրադառնալով համագործակցության հետագա զարգացմանը, քննարկել են համատեղ հաջորդ ծրագրին վերաբերող մանրամասներ: Վարչապետը, մասնավորապես, կարեւորել է դրանում ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթությունների արտացոլումը, ինչպես նաեւ ծրագրում ՀՀ բոլոր մարզերի ընդգրկումը, ինչը եւս մեկ էական քայլ կլինի Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ: Տիկին Բուզարը ողջունել է վարչապետ Աբրահամյանի առաջարկությունները՝ վստահեցնելով, որ համատեղ հաջորդ ծրագիրը կմշակվի ՀՀ կառավարության գերակա ուղղությունների եւ ՀՀ բոլոր մարզերի ներգրավումն ապահովելու սկզբունքի հիման վրա:

Խալիդա Բուզարը նշել է, որ IFAD-ը կարեւորում է Հայաստանի հետ շարունակական համագործակցությունը եւ նոր ծրագրերի նախաձեռնումը: Հավաստիացնելով, որ կառավարությունը հետեւողական է ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում՝ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ IFAD-ի հետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:

Նույն շարքից