Բիզնես Տնտեսություն 

«Զելյոնայա մարկա»-ն տեղյա՞կ է, որ հայաստանյան գրասենյակում վախեցած են

analitik.am

Հայաստանում «Զելյոնայա մարկա» օղու ներկայացուցչությունը պնդում է, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա & Գ» ընկերությունը «Զելյոնայա մետկա» անվամբ կեղծում է իրենց օղին:

Հիշեցման կարգով ասենք, որ Ալեքսանյաններին օղիների կեղծման մեջ մեղադրանք է ներկայացվել դեռևս 2008 թվականին, այդ անգամ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող մեկ այլ ընկրության՝ «Ալեքս Գրիգ»- ի կողմից՝ նույն ապրանքանիշը կեղծելու համար, սակայն մեղադրանքը ինչ-ինչ պատճառներով հետ էր վերցվել:

Այժմ էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում նորից հայց է ներկայացված վերոնշյալ մեղադրանքով:

Այս առիթով Analitik.am բազմաթիվ զանգեր է կատարել օղին ներմուծող ընկերության պատասխանատուներին՝ մասնավորապես պարոն Մ.-ին: Բոլոր զրույցները հանգավորվեցին՝ ես տեղյակ չեմ, լակոնիկ պատասխանով և ամեն անգամ հետաձգելով զրույցն ու խուսափելով պատասխանից՝ նա հուսադրեց, որ կճշտի և հաջորդ անգամ կպատասխանի: Վերջին զրույցի ժամանակ, ինչպես ասում են, կկուն կանչե՛ց և նա չկարողացավ զսպել իր բարկությունը. «դե լավ էլի՛ քուր ջան, էդ ինչքա՞ն հարցեր ես տալիս, ես բան չունեմ ասելու»,-ասաց նա:

Հ.Գ. Հարց է առաջանում՝ արդյոք ով է ո՞ւմ խնայում, և արդյոք «Զելյոնայա մարկա»- յի կենտրոնական գրասենյակը տեղյակ է, որ հայաստանյան իր ներկայացուցչությունը ոչ միայն չի կանխում ապրանքի կեղծումը, այլ նաև խուսափում է խոսել այդ մասին:

Բազմաթիվ այլ հարցեր էլ են առաջանում՝ մասնավորապես՝ ի՞նչն է նման պահվածքի պատճառը՝ վախը՞, շահը՞, թե ուղղակի բիզնես անգրագիտությունը, դա արդեն ժամանակը ցույց կտա:

Նույն շարքից