Հունվարի վերջին ԱՄՆ-ը Վենեսուելա է առաքել WTI մակնիշի նավթ: Ընդ որում՝ դա երկրից առաջին արտահանումն է 40 տարվա արգելքից հետո, որը հանվել է անցյալ տարի, հայտնում է Bloomberg-ը: Առաքման ծավալը կազմել է 548 հազար բարել, հայտնել է էներգետիկայի ոլորտում հետազոտական ClipperData ընկերության նախագահ Մեթյու Սմիթը:
Վենեսուելան հանդիսանում է աշխարհում ամենամեծ նավթի պաշարներ ունեցող երկրներից մեկը: Այն ՕՊԵԿ-ի անդամ է և ԱՄՆ –ի հիմնական մատակարարներից մեկը: 2015 թվականին ԱՄՆ-ը Վենեսուելայից օրական գնել է 800 հազար բարել նավթ:
Սակայն ներքին նավթամշակման համար Վենեսուելան ներկրում է ավելի թեթև նավթ, որը հետագայում խառնում է իր նավթի հետ: Անցյալ տարի երկիրը արտասահմանից օրական ներկրել է շուրջ 40 հազար բարել` հիմնականում Ռուսաստանից, Անգոլայից և Նիգերիայից: