Բիզնես Տնտեսություն 

Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է «Moody’s» վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ

analitik.am

Փետրվարի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը “Moody’s” վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ:

Պատվիրակության կազմում էին “Moody’s” կազմակերպության փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Սեբաստիան Բեքերը և ասոցացված կառավարիչ տնօրեն Դետմար Հորնունգը` Գերմանիայի գրասենյակից, փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Էռնեստ Սերջենտին` Նյու Յորքի գրասենյակից:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Չիլինգարյանը, ներդրումային քաղաքականության վարչության պետ Վ. Լալայանը, տնտեսական բարեփոխումների և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների կոորդինացման բաժնի պետ Ա. Բաբայանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Մ. Մամիկոնյանը:

Էկոնոմիկայի նախարարը` ողջունելով “Moody’s”-ի  ներկայացուցիչներին, նշել է նման հանդիպումների կարևոր նշանակությունը տնտեսության զարգացման ամենատարբեր ասպեկտների շուրջ մտքերի փոխանակման ու իրողությունների վերաիմաստավորման տեսակետից: Հանդիպման հիմնական օրակարգը ներառել է հարցեր 2015 թվականին Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի, գալիք միջնաժամկետ հատվածում տնտեսության զարգացման և տնտեսական աճի սպասումների, արտաքին և ներքին հիմնական մարտահրավերների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարար Ճշմարիտյանն ամփոփ անդրադարձել է 2015 թվականի սպասումներին և արդյունքներին: Շեշտադրվել է այն հանգամանքը, որ, ըստ էության, տարին ավարտվել է ավելի լավ արդյունքներով, քան տարեսկզբին մի շարք միջազգային գործընկեր կառույցների կողմից տրված խիստ համեստ կանխատեսումներն էին: Քննարկումներ են ծավալվել տնտեսության զարգացման դինամիկայի և տնտեսական աճի շարժիչ ուժերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տնտեսության առանձին ոլորտների և ճյուղերի ընթացիկ պատկերին ու զարգացման ներուժին, այդ համատեքստում նաև արտաքին զարգացումների ֆոնին  ավանդական շուկաներում արտահանման ընդլայնման ու նոր շուկաներ երկրի ներթափանցման հնարավորություններին, դրանք արդյունավետորեն իրացնելու անհրաժեշտությանը: Մատնանշվել են մի շարք ոլորտներում նախատեսվող խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք կիրականացվեն միջազգային դոնոր կառույցների աջակցությամբ:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակի հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների և տնտեսական աճի տեմպերի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությանը զուգահեռ հաջողությամբ ընթանում են այլ ձևաչափերով համագործակցության հիմքեր ստեղծելու գործընթացները, ընդլայնվում են առևտրատնտեսական կապերն այլ երկրների և ինտեգրացիոն միավորների հետ: Մեծ հնարավորություններ են բացվում Հայաստանի տնտեսության համար Իրանի հետ համագործակցության տեսակետից, և շոշափելի է երկուստեք գործարար հետաքրքրվածությունը:

Կարեն Ճշմարիտյանը մանրամասն անդրադարձել է նաև Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, մի շարք խոշոր ներդրումային ծրագրերին և պլաններին, որոնց իրագործումը տնտեսական զարգացման խոստումնալից հեռանկարներ է բացում:

Նույն շարքից