Հունգարիայի Գիոր քաղաքում շարունակվում է Եվրոպայի հրաձգության առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներն արդեն իրենց հաշվին վազող թիրախ երիտասարդ տղաների պայքարում գրանցել են թիմային բրոնզե մեդալ: Ինչպես նաև օդամղիչ ատրճանակ երիտասարդ տղաների վարժությունում Զավեն Իգիթյանը գրավել է 4-րդ տեղը:
Երեկ օդամղիչ ատրճանակ տղամարդկանց պայքարում 84 մրցակցից Նորայր Առաքելյանը, խոցելով 575 միավոր, գրավել է 16-րդ տեղը: Օդամղիչ հրացան կանանց վարժությունում 96 մրցակցուհուց Մարիամ Միքայելյանը գրավել է 79-րդ տեղը` խոցելով 405,9 միավոր, Իրինա Լաուերը գրավել է 90-րդ տեղը` խոցելով 399,6 միավոր: Վերոնշյալ վարժություններում խաղարկվում էր «Ռիո-2016»-ի 3-ական օլիմպիական ուղեգիր: Հայ մարզիկներին չի հաջողվել նվաճել ուղեգրեր: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Ուղեգրեր կխաղարկվեն նաև այսօր տեղի ունենալիք օդամղիչ ատրճանակ և հրացան մրցաձևերում: Օդամղիչ ատրճանակ կանանց վարժությունում հանդես կգա Էլմիրա Կարապետյանը, վազող թիրախ` խառը վազք երիտասարդ տղաների վարժությունում՝ Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը և Հովհաննես Խաչատրյանը, նույն վարժության երիտասարդ աղջիկների պայքարում կմրցի Լիլիթ Մկրտչյանը: Այնուհետև օդամղիչ հրացան տղամարդկանց վարժությունում կմրցեն Սուրեն Բերյանը, Հրաչիկ Բաբայանը և Քրիստիան Լաուերը: Հրացան և ատրճանակ ձևերից մարզիկները կմրցեն նաև «խառը թիմային» վարժությունում: Այսքանով հայ հրաձիգները կավարտեն մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի հրաձգության հավաքական թիմը հայրենիք կվերադառնա փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը, ժամը 01:30-ին: