Սպորտ 

Շատ եմ ցանկանում դառնալ աշխարհի չեմպիոն. Լևոն Արոնյան

Շատ եմ ցանկանում դառնալ աշխարհի չեմպիոն: Զգում եմ, որ լավագույնն եմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի: Այդ մասին ասել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը պատրաստվում է հաջորդ շաբաթ Մոսկվայում մեկնարկելիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:

«Կարեւոր են հաղթանակները, տարիների ընթացքում գերիշխանությունը: Ինձ մոտ փազլը մինչեւ վերջ չի հավաքվում: Այդ մասին դիպուկ է ասել Զիգբերտ Տարաշը. «Քիչ է լինել լավ շախմատիստ, անհրաժեշտ է նաեւ շատ լավ խաղալ շախմատ»: Այդ պատճառով, իմ խոսքերը նշանակություն չունեն: Մարտի 10-ին մեկնարկում է հավակնորդների մրցաշարը: Այնտեղ է պետք ցույց տալ, թե ինչ արժեք ունես: Հավակնությունների պակաս չունեմ, բայց պետք է հավաքվել վճռական գրոհի համար:

Շախմատում ամենագլխավորը սերն է խաղի նկատմամբ՝ երբ դա քեզ համար ծանր աշխատանք չէ, այլ խոր զգացմունք: Պետք է անմնացորդ սիրել խաղը, իսկ մնացածը կգա: Եթե չկա այդ զգացմունքը, երբեք չես դառնա լավագույն գրոսմայստերներից»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է Sport-express-ը:

Մոսկվայում մարտի 10-30-ն անցկացվելիք մրցաշարի մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հոլանդացի Անիշ Գիրն: Կկայանան նաեւ Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա) պարտիաները:

Նույն շարքից