Մարտի 2-ին և 3-ին երեք հանդիպումներով կվերսկսվի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: 16-րդ տուրում կմրցեն «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան», «Փյունիկ»-«Բանանց» և «Միկա»-«Արարատ» զույգերը:
ՀՖՖ պաշտոնական կայքը համառոտ կերպով ներկայացնում է թիմերի նախապատրաստական փուլն առաջնության ձմեռային դադարի ընթացքում:
Երևանի «Բանանցն» օրերս է վերադարձել Կիպրոսից, որտեղ կայացած մարզական հավաքի ընթացքում նաև անցկացրել է մի քանի ընկերական հանդիպումներ: Առաջին խաղում «Բանանցը» 0:5 հաշվով պարտվել է սերբական «Չուկարիչկիին», երկրորդ խաղում 1:0 հաշվով հաղթել կիպրոսյան «Էրմիսին», իսկ երրորդ՝ Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի հետ խաղում գրանցվել է 0:0 հաշիվ: Վերադառնալով Երևան՝ «Բանանցը» ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացրել Արմավիր քաղաքի «Տորպեդո» թիմի հետ՝ հաղթելով 1:0 հաշվով:
Երևանի «Միկան» անցկացրել է մարզական 2 հավաք Վրաստանում: Առաջինի ընթացքում թիմը մրցել է վրացական «Սիոնի», «Ցխինվալի» և «Ռուսթավի» ակումբների հետ: Առաջինում «Միկան» պարտվել է 0:2 հաշվով, իսկ հաջորդ երկու հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով՝ 1:1: Մարզական երկրորդ հավաքի ընթացքում «Միկան» 2:3 հաշվով զիջել է «Գագրային», 0:1 հաշվով՝ «Մցխեթային» և 2:1 հաշվով հաղթել «Ունիվերսիտետի» թիմին:
«Գանձասար-Կապանը» մրցաշրջանի վերսկսումից առաջ մարզական հավաք է անցկացրել Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում: Կապանցիները 2:1 հաշվով հաղթել են ռուսական «Ուրալի» երիտասարդական թիմին, 1:0 հաշվով՝ Ռոստովի ԲՄԱ թիմին, գոլազուրկ ոչ-ոքի արձանագրել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ խաղում:
Երևանի «Արարատն» իր արտասահմանյան առաջին հավաքն անցկացրել է Սոչիում: Առաջին խաղում «Արարատը» 0:1 հաշվով զիջել է «ԲՄԱ Էներգիային», 0:2 հաշվով՝ «Բալթիկային» և 1:1 հաշվով ավարտեց հանդիպումն Արմավիրի «Տորպեդոյի» հետ: Այնուհետև «Արարատը» մեկնել է ԱՄՆ, որտեղ 1:0 հաշվով հաղթել է «Ֆրեզնո Ֆուեգոյին», 0:2 հաշվով պարտվել «Նյու Յորք Կոսմոսին» և 3:4 հաշվով՝ հարավկորեական «Սոննամ» թիմին:
Գյումրիի «Շիրակն» անցկացրել է արտասահմանյան 2 հավաք: ԱՄՆ-ում կայացած հավաքում Վարդան Բիչախչյանի սաները «Լոս-Անջելես Գելեքսի» թիմի հետ ընկերական խաղում պարտվել են 1:2 հաշվով: Սոչիում տեղի ունեցած մարզական երկրորդ հավաքի ընթացում «Շիրակը» 9:1 հաշվով հաղթել է Սոչիի հավաքական թիմին, 1:4 հաշվով պարտվել «Ուֆային» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը «Դոլգոպրուդնի» թիմի հետ:
Երևանի «Փյունիկն» արտասահմանյան հավաքն անցկացրել է Կիպրոսում: Հայաստանի գործող չեմպիոնը 1:2 հաշվով պարտվել է Սոլիգորսկի «Շախտյորին», 3:1 հաշվով հաղթել Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմին, 0:0 հաշվով ավարտել հանդիպումը «Դնեպր Չերկասի» թիմի հետ, 1:4 հաշվով պարտվել լիտվական «Ատլանտասին» և 0:0 հաշվով ավարտել հանդիպումը լեհական «Վիգրի Սուվալկի» թիմի հետ:
Երևանի «Ալաշկերտը» մարզական երկու հավաք է անցկացրել Անթալիայում: Առաջինի ընթացքում Հայաստանի ընթացիկ առաջնության առաջատարը 2:1 հաշվով հաղթել է հունգարական «Սիոֆոկ» թիմին և 0:0 հաշվով ավարտել հանդիպումը հունգարական մեկ այլ թիմի՝ «Սորոսկարի»հետ: Երկրորդ հավաքի ընթացքում «Ալաշկերտը» 0:1 հաշվով զիջել է ղազախական «Ժետիսուին», 2:1 հաշվով հաղթել լիտվական «Սուդուվային» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը չինական «Բեյջինգ Բիջի» թիմի հետ: