Իրանը, որն ունի բնական գազի ապացուցված խոշորագույն պաշարներն աշխարհում, պլանավորում է առաջնահերթ կարգով խողովակաշարով գազ մատակարարել մերձակա հարևաններին, նախքան ավելի հեռավոր շուկաներ ներթափանցելը։
Այդ մասին հայտարարել է իրանական National Iranian Gas Exports Company (NIGEC) ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին. «Մեր անմիջական հարևանությամբ գտնվում է դեռ չնվաճված շուկա։ Եվ քանի դեռ Իրաքը պատրաստ է մեզանից գնել գազ, այդ շուկան մեզ համար կլինի առաջնահերթ»։
Քամելիի խոսքերով՝ Իրաքին իրանական գազի մատակարարումները կարող են սկսվել արդեն մարտին, մատակարարումների օրական ծավալը կարող է կազմել 4 միլիոն խորանարդ մետր, ինչը ժամանակի ընթացքում կարող է աճել 10 անգամ։
Նա հավելել է, որ Իրանը մտադիր է ավելացնել գազի արտահանումը դեպի Թուրքիա, սակայն կողմերը դեռ չեն կարողանում պայմանավորվածության գալ գազի գնի շուրջ։