Մարտի 8-ին մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Ռիգայում Հայաստանը կներկայացնեն ազատ ոճի ըմբշամարտի 6 և հունահռոմեական ոճի 7 մարզիկներ: Նշենք, որ ստուգատեսը օլիմպիական վարկանշային չէ:
Առաջինը պայքարին ներգրավելու են ազատոճայինները:
Վաղը պայքարն առաջինը կսկսի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Բարսեղյանը: Այնուհետև պայքարին կներգրավեն Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Անդրանիկ Գալստյանը (97 կգ) և 125 կգ քաշային կարգում հանդես եկող Լևան Բերիանիձեն: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 65 կգ քաշային կարգի փխարեն հանդես կգա 70 կգ քաշայինմարզիկների պայքարում:
Հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարը կսկսեն մարտի 12-ից:
Եվրոպայի առաջնությունում հերթական անգամ հանդես կգա Ռոման Ամոյանը (59 կգ): 66 կգ կարգում Հայաստանի ներկայացուցիչը Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն է: 75 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնությանն 1-ին անգամ կմասնակցի Կարապետ Չայլյանը: Նշենք, որ այդ քաշային կարգի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու առաջնությանը: 80 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչն է Ռաֆիկ Մանուկյանը, իսկ 85-ում՝ Մաքսիմ Մանուկյանը: Եվրոպայի քառակի չեմպիոն դառնալու համար 98 կգ քաշային կարգում կպայքարի Արթուր Ալեքսանյանը, իսկ գերծանր քաշայինների պայքարում՝ (130 կգ) Էդուարդ Խաչատրյանը: