Տնտեսություն 

Իրանը հրաժարվում է միանալ նավթի արդյունահանման սառեցման համաձայնագրին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի արդյունահանման սառեցման շուրջ բանակցությունները Ռուսաստանում անցկացվելու են մարտի 20-ին, սակայն Իրանը մտադիր չէ սառեցնել նավթի արդյունահանումը մինչև հունվարյան մակարդակի։

Այդ մասին գործակալությանը հայտնել են նրա աղբյուրները։ Իրանի իշխանությունները կարծում են, որ պարտավոր չեն միանալ համաձայնագրին ու հետևել ընդհանուր պայմաններին, քանի որ Իրանը նախկինի նման հուսով է պատժամիջոցների վերացումից հետո ընդլայնել նավթի արդյունահանման ու մատակարարումների ծավալը։

Իրանի նման կոշտ դիրքորոշումն ազդել է Քուվեյթի դիրքորոշման վրա, որի ներկայացուցիչը գաղտնի հայտնել է, որ միապետությունը չի միանա համաձայնագրին, եթե դրա տակ չստորագրեն նավթային շուկայի բոլոր խոշոր խաղացողները՝ ներառյալ Իրանը։

Աղբյուրները հայտնել են, որ Իրանը մտադիր է հասնել մինչև պատժամիջոցների սահմանումն ունեցած նավթարդյունահանման մակարդակին՝ օրական 4 միլիոն բարել։ Տվյալ հարցը քննարկելու համար Իրան է մեկնում Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, որն առաջարկելու է միանալ համաձայնագրին։

Նույն շարքից