Այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց ՀՀ ՏՄՊՊՀ 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը: Նա նշեց, որ ծրագիրը երեք բաժիններից է բաղկացած:
«Բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացվել գերիշխող դիրքի չարաշահումների հակամրցակցային համաձայնությունների բացահայտումների ուղղությամբ»,- ասաց նա և ուշագրավ համարեց հատկապես երկաթուղային տրանսպորտի ոլորտում կատարած ուսումնասիրությունը:
«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է բեռնափոխադրման սակագները, ինչը կարող է համարվել գերիշխող դիրքի չարաշահում, սակայն ընկերությունը այն փաստարկն է ներկայացնում, որ աշխատում է մեծ վնասներով. ինը միլիարդ դրամից ավել կուտակված վնասներ ունեն, և այդ վնասները մեղմելու նպատակով է բարձրացնում»,- ասաց նա:
Արտակ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովը պարզել է, թե խոշոր վնասները ինչից են առաջացնում։
«Մենք մանրամասն ուսումնասիրել ենք վնասների կառուցվածքը և պարզել ենք, որ ընկերությունը չի պահպանում գնումերի օրենսդրության պահանջները, և ինքն է որոշում ում հետ, որ ընկերության հետ, ինչ պայմաններով ապրանքներ և ծառայություններ ձեռք բերվի»,-ասաց նա և նշեց, որ բացահայտել են, թե ներդրումների ծավալները ուռճացված են եղել:
Նա նշեց, որ եթե անգամ գնումների օրենսդրության պահանջները բավարարել են, ապա շատ դեպքերում ձևական բնույթ են կրել և հաղթել են բարձր գներով ապրանքներ իրացնող ընկերությունները:
Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովն իր գնահատականը տվել է, համապատասխան պատասխանատվության ենթարկել, ինչպես նաև ուղարկել են պատկան մարմիններին ու Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանը և ռուս գործընկերների հետ միասին ուսումնասիրություն են իրականացնում:
ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ ծխախոտի ոլորտում ևս գերիշխող դիրքի չարաշահումներ է բացահայտել:
«Ուշագրավ է հատկապես հակամրցակային համաձայնությունների բացահայտումը կրթության ոլորտում: 511 մրցույթ ենք ուսումնասիրել և բացահայտել, որ կան տնտեսվարողներ , որ մրցույթներից առաջ համաձայնության են գալիս, շուկան բաժանում են, կիսում են իրար մեջ և այդպիսով հակամրցակցային գործողություններ են իրականացնում: Սակայն պետք է նշեմ, որ մեր ուսումնասիրության արդյունքներով պետական մարմինները նույնպես իրենց մեղքի բաժինն ունեն, մասնավորապես մրցույթներն ավելի քիչ թափանցիկ, ավելի քիչ հրապարակային անցկացնելու միջոցով բարենպաստ պայմաններ են ստեղծում տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների համար»,- ասաց նա:
Արտակ Շաբոյանը նկատեց, որ քիչ չեն դեպքերը, երբ տնտեսվարողները հաղորդագրություններով սպառողին շփոթեցնում են:
Նա ներկայացրեց օրենսդրության ոլորտում նախատեսվող աշխատանքները և նշեց, որ տուգանքների մեթոդաբանության մեջ փոփոխություն են նախատեսում, որպեսզի տուգանքները լինեն ոչ թե բացարձակ գումարով, այլ որոշակի տոկոսով և տնտեսվարողը հասույթից կախած ավելի շատ վճարի: «Պետական պաշտոնյաների հակամրցակցային գործողությունների նկատմամբ պատասխանատվության միջոցներ ենք սահմանում, խոսքը հատկապես վերաբերում է պետգնումների ոլորտին»,- ասաց նա:
Արտակ Շաբոյանն ասաց, որ անհրաժեշտություն են տեսնում պետական մարմինների հետ համագործակցությունն ուժեղացնել: «Մրցակցությունը շատ լայն հասկացողություն է և տարբեր գործոններ են ազդում»,- ասաց նա: