Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց ՀՀ ՏՄՊՊՀ 2016 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, այնուհետև պատասխանեց պատգամավորների հարցերին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խնդրեց ներկայացնել, թե բենզինի դաշտում ինչ է կատարվում և նշեց, որ Հայաստանից օրինակ`ռեգուլյար տիպի բենզինը 390 դրամ է, Վրաստանում` մոտավորապես 250 դրամ: «Եթե այս թնջուկի վերաբերյալ բացատրություններ տայիք և փորձեինք հասկանալ ինչ է կատարվում շատ լավ կլիներ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արտակ Շաբոյան ասաց, որ բենզինի ոլորտը մշտապես հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է գտնվում և հանձնաժողովը գնագոյացման հաշվարկներ է իրականացնում: Նա վստահեցրեց, որ 2014 թվականի տարեսկզբից, երբ սկսվեց ամբողջ աշխարհում բենզինի գների նվազումը, Հայաստանում մեծ չափով գները նվազել են և ռեգուլյար տեսակի բենզինի 480 դրամից հասել է 380 դրամի:
«Բենզինը մենք դրամով վաճառում ենք, արտարժույթով ներկրում ենք , և հայկական դրամի փոխարժեքը շատ կարևոր նշանակություն ունի վերջնական գների նկատմամբ և հայկական դրամի փոխարժեքը երկու տարիների ընթացքում 17-18 տոկոսով նվազել է»,-ասաց նա և նշեց, որ եթե հանենք փոխարժեքի ազդեցությունը, ապա ՀՀ-ում բենզինի վաճառքի գները վաճառվել են մոտ 32 տոկոսով:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս վաճառքի գների նվազումը համահունչ է ձեռքբերման գների նվազմանը, այսինքն՝ այս տեսակետից ներկրող ընկերությունների վարքագծում չարաշահման երևույթներ չենք տեսնում»,-ասաց նա:
Արտակ Շաբոյանն ասաց, որ իրենց ևս մտահոգում են այդ հարցերը գների հետ կապված և ուսումնասիրել են, թե ինչպես է գոյանում Վրաստանում բենզինի գինը: