Ապրիլի 21-ին «Նովրուզին» ընդառաջ Հայաստանում սպասվում է շուրջ 10 000 իրանցի զբոսաշրջիկ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Տաթև» տուրիստական գործակալության տնօրեն Առլեն Դավուդյանը՝ նշելով, որ շուրջ 4000-5000-ը օդային ճանապարհով, իսկ 5000-6000-ն էլ՝ ցամաքային:
«Արդեն Իրանում հանգստյան օրերը սկսված են, արդեն սպասում ենք իրանցի զբոսաշրջիկներին: Միայն այս տարի Իրանից Հայաստան սպասվում է 60 չվերթ: Եթե նախորդ տարի օրական 1 չվերթ էր իրականացվում, ապա այս տարի առաջիկա երկու շաբաթների ընթացքում օրական 4-5 չվերթ կլինի: Նախորդ տարի ամեն ինչ թողնվեց ինքնահոսի, իսկ այս տարի շուրջ 4 խոշոր համերգ է կազմակերպվելու իրանցի արտիստների մասնակցությամբ, ինչը շատ կարևոր է նրանց ժամանցը ապահովելու համար»,-ասաց նա:
Գործակալության տնօրենը նաև նշեց, որ չկա հյուրանոցային խնդիր, քանի որ տարվա այս շրջանը Հայաստանում ակտիվ զբոսաշրջության շրջան չէ, և հյուրանոցային համարները հիմնականում ազատ են: Նա նաև ընդգծեց, որ հյուրանոցների գները փոքր-ինչ նվազել են, երկու տարի առաջվա համեմատ: