«Ամեն անգամ մրցումների գնալիս զենքերը տանում ենք մաքսատուն, դրանք փակում են մինչև գնանք տեղ հասնենք, ինչի արդյունքում 6 օր առանց մարզումների ենք անցկացրել և դա էլ ազդեց մրցումների արդյունքների վրա»,-այսօր այս մասին «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀՖ-ի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ հրաձգորդների Եվրոպայում արձանագրած ցուցանիշներին:
«Այլ երկրներում նման խնդիրներ չկան, անգամ ԵԱՏՄ անդամ երկրների մարզիչներն էին զարմացած, երբ ասեցինք այդ մասին: Միայն Հայաստանից են զենքերը այդ կերպ տարվում-բերվում: Դիմել ենք նախարարությանը, սակայն դեռևս արդյունքներ չկան: Անգամ անհատն ունի զենք կրելու, սակայն կազմակերպությունը չունի»,-ասաց Նիկողոսյանը՝ հավելելով, որ այդ հարցով դեռևս ոչ մի բան չի արվել:
Օլիմպիական վարկանիշային մրցույթն անցնող տարի Բաքվում էր, որտեղ մարզիկ Հրաչիկ Բաբայանը ռեկորդ էր սահմանել, սակայն վարկանիշ չէր բերել Հայաստանի համար: Հաջորդ մրցույթը կրկին Ադրբեջանում է եղել, սակայն Հայաստանը մասնակցել, իսկ Եվրոպայում էլ ձախողել են:
Անդրադառնալով Ադրբեջանում կայացած մրցույթին չմասնակցելու պատճառին, մարզիչը նշեց, որ մարզիկները հիմնականում երիտասարդ են և նրանց ծնողները չեն համաձայնվել, որ գնան: Նիկողոսյանը կարծում է, որ ֆինանսավորման դեպքում կարող են հետագայում ավելի լավ արդյունքներ ցուցաբերել, քանի որ լավ մարզիկներ ունենք:
«Պատանիները, որ գնացել էին Մյունխեն, լավ ցուցանիշներ են ցուցաբերել, մենք երիտասարդների լավ թիմ ունենք ու մի քանի տարի հետո լուրջ արդյունքներ կգրանցենք»,-ասաց Նիկողոսյանը:
Աշխարհի արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանն էլ ասաց, որ հրաձգությունը դարձել է կյանքի մի մասը, ուստի մինչև կյանքի վերջ մասնակցելու է մրցույթներին. «Ցանկացած մարզիկ պետք է հոգեբանական պատրաստվածություն ունենա՝ լարվածություն չզգալու համար: Վերջերս նոր զենք ենք ստացել ԵՄԴ-ի կողմից, ֆեդերացիայի նախագահի կողմից էլ նոր մարզազգեստ եմ նվեր ստացել: Մենք բողոքելու տեղ չունենք», -ասաց Լիլիթը:
Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն Զավեն Իգիթյանը համամիտ է , որ իրենք որևէ խնդիր չունեն, քանի որ ապահովված են անհրաժեշտ ամեն բանով:
«Մենք ապահովված ենք նոր որակի զենքով, փամփուշտներով, ինձ թվում է որևէ բանի կարիք չունենք»,- ասաց մարզիկը:
Մարզիչ Նիկողոսյանը վերջում ասաց, որ ֆեդերացիան այս պահին ունի երկու հիմնական խնդիր՝ զենքերի տեղափոխման հարցի կարգավորումը և ֆինասնավորման ավելացումը, ինչը հնարավորություն կտա հետագայում ավելի լավ արդյունքներ գրանցել: