Եթե մարզիչը որոշել է, որ Յուրա Մովսիսյանին եւ Գեւորգ Ղազարյանին պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք: Այդ մասին Հայաստանի հավաքականի բաց մարզումից հետո ասել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով Բելառուսի դեմ ընկերական հանդիպման, ազգային թիմի նորեկների եւ չհրավիրված խաղացողների մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Հավաքականի նորեկներին կփորձենք օգնել, որպեսզի նրանք ավելի շուտ մերվեն թիմին եւ կարողանան օգտակար լինել մեզ: Առաջին մարզման մասին կասեմ, որ շատ լավ մարզում էր, հուսով ենք՝ լավ կպատրաստվենք բելառուսների դեմ խաղին: Թիմի ավագը պետք է դժվար պահերին կարողանա թիմին իր հետեւից տանել: Ոչ մի նշանակություն չունի՝ կլինեմ թիմի ավագը, թե՝ ոչ: Միշտ պատրաստ եմ թիմին իմ հետեւից տանելուն եւ օգնելուն: Չեմ կարող ասել, թե մարզիչն ինչ տակտիկա է ընտրելու, քանի որ այդ հարցերը մարզիչը մեր հետ չի քննարկում: Նա դա քննարկում է մարզչական շտաբի հետ: Մենք ֆուտբոլիստներ ենք եւ պետք է իրագործենք նրա ոչ միայն տակտիկական, այլեւ խաղային հանձնարարությունները: Չէ որ տակտիկան ոչ մի նշանակություն չունի, եւ խաղում են ֆուտբոլիստները: Մարզումներին անում ենք այն, ինչ մեզնից պահանջվում է, իսկ խաղին պարզ կդառնա, թե որքանով ենք պատրաստ: Ինչ վերաբերում «Յուվենտուսի» հետաքրքրությանը, ապա ոչ մի հստակ բան չկա եւ կցանկանայի, որպեսզի ինձ ուղղեք հավաքականի հետ կապված հարցեր: ՖԱՖ-ի եւ ՀՖՖ-ի հակամարտության մասին գաղափար չունեմ, եւ չեմ խառնվում նման բաների: Չգիտեմ, թե այդ հայտարարությունը որ լրագրողից է եղել, բայց դա արդեն անցած փուլ է: Ամեն ինչ կանենք, որպեսզի Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղում բոլորս բարձր տրամադրությամբ նրան հաջողություն մաղթենք: Կարող եմ միայն հարգել Ռոբերտ Արզումանյանի՝ հավաքականում կարիերան ավարտելու որոշումը: Ճիշտ է՝ դեռ չեմ քննարկել, թե ինչու, բաց հասկանում եմ: Եթե մարդը որոշել է հրաժեշտ տալ հավաքականին, խնդիր չկա: Միայն կարող եմ նրան շնորհակալություն հայտնել այսքան տարի հավաքականին տրամադրելու համար: Ճիշտ է՝ ցավալի է, բայց պետք է առաջ շարժվենք եւ հետ չնայենք: Պետք է մտածենք, որ ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել նրան: Յուրա Մովսիսյանի եւ Գեւորգ Ղազարյանի բացակայությունը զգալ կտա, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք, երեւի, պատրաստ կլինեն խաղալ: Եթե մարզիչը որոշել է, որ նրանց պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք: Չեմ կարող ասել, թե ինչու է մարզիչն այդպիսի որոշում կայացրել»,- ասաց Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան — Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին: