Հարցազրույց Սպորտ 

Այսօր երկրպագուն ցանկանում է հաղթողի կարգավիճակում տեսնել իր հավաքականին. Էդգար Խաչատրյան

analitik.am

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլ +» -ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: Խոսքը մասնավորապես վերաբերում է Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին: Ինչպես է սրան վերաբերում ՖԱՖ-ը և մի շարք այլ հարցերի մասին Analitik.am-ի լրագրողը զրուցել է ՖԱՖ Ղեկավար Խորհրդի անդամ Էդգար Խաչատրյանի հետ.

Էդգար, պարոն Հայրապետյանը, փաստորեն, Յուրա Մովսիսյանին և Ռոբերտ Արզումանյանին մեղադրել է դավաճանության մեջ: Ինչ են մտածում այս մասին ՖԱՖ-ում: Բացի դրանից, նա հայտարարել է, որ այս երկու ֆուտբոլիստները երբեք հավաքականի գլխավոր թիմում չեն լինի: Որքանով իրավունք ունի Ֆեդերացիայի նախագահը նման հայտարարություն անել:

-Ռոբերտ Արզումանյանը և Յուրա Մովսիսյանը մեր հավաքականի առաջատարներից են: Ես խոսում եմ ներկա ժամանակով, որովհետև հույս ունեմ, որ տղերքը դեռ կմիանան հավաքականին ու կօգնեն իրենց թիմակիցներին: Ոչ միայն ՖԱՖ-ը, հավաքականի երկրպագուները ցավում են այդ կորուստների համար: Բոլորս էլ կարող ենք դիմացինին մեղադրել դավաճանության մեջ, բայց արդյո՞ք դա այդպես է...

Իսկ տեղյա՞կ եք, թե ինչ են մտածում հավաքականի տղաները Յուրայի ու Ռոբերտի մասով, և ի՞նչ կասեք հավաքականում տիրող վիճակի մասին:

-Տղաների մասով, անկեղծ ասած, չեմ կարող ասել, բայց չեմ էլ կարծում, որ ուրախ են ստեղծված իրավիճակից: Ամիսներ առաջ մեր ֆուտբոլիստները հանդես եկան հայտարարությամբ ու դա միասնական քայլ էր: Այդ միասնականությունը պետք է պահել մինչև վերջ:

Էդգար ջան մեկ հարց՝ կապված տոմսերի վաճառքի հետ, ինչի մասին Դուք վերջին շրջանում բարձրաձայնում եք: Իրականում, ի՞նչ է եղել, ինչպե՞ս պետք է լուծվեր հարցը և ինչպե՞ս լուծվեց:

-Մենք մի քանի օր շարունակ փորձում էինք ձեռք բերել հարավային տրիբունայի տոմսեր, որտեղից 4 տարի աջակցել ենք հավաքականին: Հիմա մեզ ասում են, որ այդ տոմսերը և մոտ 9000 տոմս ամրագրված է ինչ-որ կազմակերպությունների կողմից: Լրագրողների լուսաբանման շնորհիվ և մեր ջանքերով մենք կարողացանք ձեռք բերել Հյուսիսային տրիբունայի տոմսեր, որտեղ կրկին կտիրի ֆուտբոլային տրամադրություն ու երկրպագման մեր 9-ամյա փորձը կտեխափոխենք այնտեղ:

Այսօր երկրպագուն ցանկանում է հաղթողի կարգավիճակում տեսնել իր հավաքականին ու իմ կարծիքով ցանկությունն արդարացի է: Կոչ ենք անում երկրպագուներին ձեռք բերել Հյուսիսային տրիբունայի տոմսեր և միանալ մեզ այնտեղ:

Եվ վերջին հարցը, ի՞նչ խնդիրներ են առաջացել լրագրողների հավատարմագրման հետ կապված:

-Վերա Մարտիրոսյանը նոր չէ, որ լուսաբանում է սպորտային իրադարձությունները և ֆուտբոլը, մասնավորապես: Միշտ հանդես է եկել ազատ խոսքով և անկաշկանդ հարցազրույցներով: Ռոբերտ Արզումանյանի հետ հարցազրույցից հետո նրան չեն հավատարմագրել:

Հիշեցնեմ` այդ հարցազրույցում Ռոբերտը նշել էր, որ հեռանում է հավաքականից: Հետևությունները թողնենք ընթերցողին: Իսկ վերջում հաջողություն մեր հավաքականին թե՛ Բելառուսի դեմ խաղում, թե՛ նախընտրական հերթական ցիկլում: Հայ երկրպագուն լինի ՖԱՖ-ական, թե ոչ միշտ ցանկանում է տեսնել գլուխը բարձր և հաղթող հավաքականի:

Հուսանք, որ մեր ոսկե սերնդի երկրորդ շունչը կբացվի: Կանցնեն անախորժ ժամանակները ու հավաքականի գոլերն ու հերթական հաղթանակաները կուրախացնեն մեր ազգոին:

Նույն շարքից