Տնտեսություն 

Ագարակում և Մեղրիում գազի բաշխման ցանց է կառուցվում. կմատակարարվի իրանական գազ. նախարար

Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Իրանին սահմանամերձ երկու համայնքներում` Ագարակում և Մեղրիում, գազի բաշխման ցանց է կառուցվում:

«Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի միջոցով, որը պայմանավորվում է 2011 թվականին Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված հուշագրով»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե բաշխիչ ցանցի կառուցումն ինչու է վերահսկվում ռուսական ընկերության կողմից, նախարարն ասաց, որ պարզապես «Գազարդ Հայաստանը» միակ մասնագիտական կառույցն է, որը հայկական կողմից կվերահսկի տեխնիկական կատարման մակարդակը:

Պատասխանելով հարցին, թե տարեկան քանի խմ գազ կներկրվի Իրանից այդ երկու համայնքների սպառման համար, նա ասաց. «Թող ծրագիրն իրականանա, սպառումը ցույց կտա, թե որքան գազ է սպառվում երկու համայնքների համար»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքան կկազմի իրանական գազի գինը. Լևոն Յոլյանը պատասխան չուներ, նա միայն նշեց, որ ամեն ինչ դինամիկ պրոցեսի մեջ է:

Դիտարկմանը, որ հնարավո՞ր է՝ թանկ սակագին սահմանվի, նախարարն ասաց. «Եթե թանկ լինի, բնակիչը ինքը կարող է որոշում կայացնել, մինչև հիմա առանց գազի ինքը ի՞նչ է անում»:

Նույն շարքից