Սերբիայում ապրիլի 15-ից 17-ը կայանալիք օլիմպիական վարկանիշ ունեցող մրցաշարին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կներկայանա մարտական կազմով:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ 2016 թվականի օգոստոսի 5-ից 21-ը Ռիոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանշային միավորների համար կպայքարեն ազատ ոճային 5 առաջատար ըմբիշներ` Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) ու Էդգար Ենոքյանը (97 կգ): 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, ով ազատ ոճային ըմբիշներից առաջինն է Հայաստանի համար ուղեգիր նվաճել է, չի մասնակցի Սերբիայում կայանալիք մրցաշարին:
Ազատ ոճային ըմբիշների հետ Սերբիա կմեկնեն նաև ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը և մարզիչ Հովսեփ Հովսեփյանը: Եվրոպա աշխարհամասի ազատ ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կստանան օլիմպիական ուղեգրեր:
Ապրիլի նույն օրերին Սերբիայում անցկացվելու է նաև Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարը, որին ևս կմասնակցեց ուժեղագույն հայ ըմբիշներ` Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Արթուր Շահինյան (85 կգ) և Էդգար Խաչատրյան (130 կգ): Մրցաշարին չեն մասնակցի հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանի համար օլինպիական ուղեգիր արդեն նվաճած Միհրան Հարությունյանը (66 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Մարզիկների հետ Սերբիայում կլինեն նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչներ Սամվել Գևորգյանը և Էդուարդ Սահակյանը: