ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կապված ԼՂՀ սահմանային իրավիճակի հետ բանակցություններ է անցկացրել ՀՀ և Ադրբեջանի գործընկերների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովը կոչ է արել կողմերին ազդեցություն գործադրել իրավիճակի վրա՝ Լեռնային Ղարաբաղում բռնության դադարեցման համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել էր, որ ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի եւ օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը եւ գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը եւ պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետեւանքների:
ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա եւ ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու եւ լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար: