Թենիսիստուհի Անի Ամիրաղյանը մասնակցում է թուրքական Անթալիայում ապրիլի 4-ին մեկնարկած «Tennis Organisation Cup» մրցաշարին:
Թենիսի միջազգային ֆեդերացիան հայտնում է, որ 22-ամյա թենիսիստուհին, ով ՀՀ բազմակի չեմպիոնուհի է, երկրի առաջին ռակետը, ուժերը կփորձի 10 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարում:
Ներկա պահին Ամիրաղյանը WTA դասակարգման աղյուսակում 614-րդ տեղում է, իսկ Անթալիայի մրցաշարի մասնակիցների շարքում 13-րդ ուժեղագույնն է: Այս մրցաշարում հայ թենիսիստուհին կպայքարի ոչ միայն մենախաղում, այլ նաև զուգապայքարում` իրեն զուգընկեր ունենալով Ռումինիայի ներկայացուցիչ Դայանա Նեգրիանուին:
Վիճակահանության արդյունքներով հայտնի է դարձել, որ Ամիրաղյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայի ներկայացուցիչ Վիկտորիա Կուզմովան, ով հայուհուց բավականին բարձր վարկանիշ ունեցող մարզուհի է: