Մամուլի տեսություն Տնտեսություն 

Քրգործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի մի խումբ աշխատակիցների նկատմամբ. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով քրեական գործ է հարուցվել «Ռուսական երկաթուղու» կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մի խումբ աշխատակիցների նկատմամբ։

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով՝ «Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»։ Բացառված չէ, որ հետագայում գործում ավելանան նոր հոդվածներ, սկսած պաշտոնեական անգործությունից մինչեւ փաստաթղթեր կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափերի յուրացում։

Բացառված չէ նաեւ, որ քրգործի շրջանակներում շոշափվեն երկաթուղու ներկայիս գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի եւ նրա նախորդների անունները։ Այս գործը ունի հարուստ նախապատմություն, որը ձգձգվում է ամիսներ շարունակ։ Խոսքը երկաթուղու կողմից իրեն չպատկանոդ տասնյակ վագոնների դուրսգրմանը եւ վաճառքին է վերաբերվում։ Դրան մենք կանդրադառնանք առաջիկայում։ Բայց ուշագրավ է, որ քրեական գործ հարուցելու միջնորդութոյւնները նախկինում բազմից մերժվել են, իսկ ապրիլյան դեպքերից հետո, երբ հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացրեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին նորագույն զինատեսակներ վաճառելու փաստը, քրգործը այնուամենայնիվ հարուցվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից