Այսօր՝ կեսգիշերն անց, «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը դիմավորել է Նորվեգիայի Ֆորդե քաղաքում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձած ծանրամարտի ՀՀ հավաքականին:
Նախարարը շնորհավորել է մարզիկներին, նրանց մարզիչներին, հավաքականի գլխավոր մարզիչներին՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականի թիմային հրաշալի հաղթանակի կապակցությամբ: Մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում բացարձակ առաջատարն էր՝ թիմային հաշվարկով նվաճելով 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Նորվեգիայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող հավաքականի 15 մարզիկներից Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Նազիկ Ավդալյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ) ևԱնդրանիկ Կարապետյանը (77 կգ):
Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) և Գոռ Մինասյանը (105 + կգ), իսկ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Առաջնությունում մեր մյուս ծանրորդներն ըստ քաշային կարգերի զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները` 53 կգ քաշային Աննա Գովելյան՝ 9-րդ տեղ, 58 կգ քաշային Իզաբելա Յայլյան՝ 10-րդ տեղ, 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյան՝ 5-րդ տեղ, 69 կգ քաշայիններ Վանիկ Ավետիսյան՝ 5-րդ տեղ, 69 կգ Ռոստամ Կարապետյան՝ 11-րդ տեղ, 75 կգ քաշային Սոնա Պողոսյան՝ 4-րդ տեղ, 75+ կգ քաշային Արփինե Դալալյան՝ 6-րդ տեղ, 85 կգ քաշային Առաքել Միրզոյան՝ 13-րդ տեղ, 85 կգ քաշային Աղասի Աղասյան՝ 6-րդ տեղ: