Միջազգային 

Մեքսիկայի ազգային արխիվում պահվում է հայերի մասին հետաքրքիր փաստաթուղթ

Մեքսիկայի ազգային արխիվում (AGN),  պահվում է հայերի հանդեպ դատական գործերով ինկվիզիցիայի փաստաթղթերի մի հետաքրքիր ժողովածու:

2013 թ. հունվարին  Andin (www.eastarmhistory.com) հայ-չինական հարաբերությունների ուսումնասիրման հիմնադրամի նախագահ Ռուբեն Գինեյի խումբը «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» վավերագրական ֆիլմի նկարահանումների ընթացքում ձեռք էր բերել նշված թղթապանակը հետազոտելու թույլտվություն:

Այս կարեւոր թղթապանակի ձեռագրերից մեկը, որը գրվել է 1731 թ., պատմում էր, թե ինչպես Նոր Ջուղայից երիտասարդ հայ վաճառականը` Սարհադի որդի Դոն Պեդրոն (Պետրոսը), «Մանիլա Գալլեոն» առեւտրական հայտնի նավերից մեկով 1722 թ. կտրեց Խաղաղ օվկիանոսը՝ Չինաստանից հասնելով Ակապուլկո:

Դոն Պեդրոն Մեքսիկայում մեծ հաջողության հասավ՝ զբաղվելով այլ երկրներ արծաթի արտահանմամբ: Սակայն որոշ ժամանակ անց ինկվիզիցիան Պետրոսին մեղադրեց աղանդավորության մեջ,  քանի որ նա Հայ առաքելական եկեղեցու զավակ էր, ոչ թէ՝ կաթոլիկ:

Դատական գործընթացը մի քանի տարի տեւեց, եւ այդ ընթացքում  Պեդրոյին հանձնարարվեց գրել մանրամասն ինքնակենսագրություն, որն էլ հենց  դարեր անց հայտնվեց Մեքսիկայի արխիվներում:

Հենց այս հանգամանքների շնորհիվ էլ Մեքսիկայի AGN արխիվներում հայտնվեցին Խաղաղ օվկիանոսով դեռ 18-րդ դարի սկզբում ճանապարհորդաց հայ վաճառականության պատմության ամենահետաքրքիր փաստերը:

Ռուբեն Գինեյի խոսքերով՝ Դոն Պեդրոյի մասին հոդվածն առաջինն է Չինաստանում եւ Մեքսիկայում հայ վաճառականների պատմությունների շարքից:  Այս նախաձեռնությունն ընթերցողներին թույլ կտա հասկանալ, թե որքան տարածված է  եղել հայկական առեւտրական ցանցը, որի կենտրոնը Նոր Ջուղան էր:

Նույն շարքից