Newsbook.am գրում է. ՎՏԲ-Հայաստան բանկը զրոյացնում է զոհվածների և անհետ կորածների վարկային պարտավորությունները։ Այս մասին օրեր առաջ հայտարարեց ՎՏԲ-Հայաստան բանկը։
Զոհվածների և անհետ կորածների վարկային պարտավորությունները մարելու մասին ինֆորմացիան բանկի պաշտոնական էջում զետեղված չէ։
Տեղեկանալու համար` ինչո՞ւ ինֆորմացիան չկա բանկի պաշտոնական կայքէջում NewsBook-ը գրավոր հարցում էր ուղարկել։ Բանկից ցանկանում էինք նաև պատասխան ստանալ մեր ունեցած այն ահազանգի մասին, թե զոհվածների ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացնելու մասին գործընթացը ՎՏԲ-ն արդեն դադարեցրել է։
Տեղեկատվության ստանալու 5-օրյա ժամկետն արդեն ավարտվել է, բայց բանկից չեն շտապում արձագանքել գրավոր հարցմանը։
ՎՏԲ-ի կողմից մեր գրավոր հարցման մեջ անպատասխան մնաց, թե քառօրյա պատերազմում Արցախում զոհված քանի՞ զինծառայող ՎՏԲ բանկում վարկային պարտավորություններ ունի։
Ի դեպ, վերջին շրջանում էլեկտրոնային պարբերականներում շրջանառվում է, որ ՎՏԲ- Հայաստան բանկն ունի ադրբեջանական կապիտալ։
Վերջին շրջանում էլ նախաձեռնվել է ստորագրահավաք, որով պահանջում են ԿԲ-ին զրկել ՎՏԲ-Հայաստան բանկին արտոնագրից: Տեղեկացանք նաև, որ այս պահին արդեն կա հավաքված մոտ 5000 ստորագրություն, ինչպես նաև կան բազմաթիվ խախտումներ, որոնք արվել են ՎՏԲ-Հայաստանի կողմից։ Դրանք հերթով ներկայացվելու են համապատասխան մարմիններին և իրավական պահանջներ են առաջադրվելու: