Եթե Հայաստանը «ոչ» է ասում թուրքական ապրանքներին, ուրեմն մեր երկրում պետք է լինի համապատասխան ապրանքների սեփական արտադրություն: Այս մասին մայիսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը:
Նրա խոսքով` Հայաստանում պետք է լինեն արտադրամասեր, որոնք կարող են տարբեր տեսակի հագուստ կարել, որպեսզի անհրաժեշտ չլինի այդ հագուստը Թուրքիայից ներմուծել:
«Եթե մենք ասում ենք «ոչ» թուրքական ապրանքներին, ուրեմն պետք է նույնատիպ ապրանքներ արտադրենք Հայաստանում կամ էլ դրանք երրորդ երկրներից ներմուծենք: Դա հնարավոր է, եթե մեր պետական պաշտոնյաները մի քիչ մտածեն այդ ուղղությամբ: Եթե սկսեն աշխատել, շուկան ինքը կթելադրի»,- շեշտել է Հակոբյանը:
Թուրքական ապրանքնրի ներմուծման վերաբերյալ մեկ այլ բանախոս «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի կարծիքով`թուրքական ապրանքների ներկրման շարունակության դեպքում էլ` Հայաստանը պետք է ուժեղացնի մաքսային հսկողությունը ու քայլեր ձեռնարկի, որպեսզի դրանք սերտիֆիկացված լինեն:
Նրա խոսքով` թուրքական ապրանքները սահմանին չեն ստուգվում: Թուրքիայից ներմուծվող ապրանքները, շեշտել է Արիստակեսյանը, բավականին շատ վտանգավոր նյութեր են պարունակում:
«Թուրքիան անկանխատեսելի է ամեն ինչում: Այսօրվա դրությամբ նույնիսկ թուրքական կոսմետիկան անվնաս չէ: Մենք ոչինչ չգիտենք այդ ապրանքների մասին: Հարցը բարձրացված է, անհրաժեշտ է շատ լուրջ որոշումներ կայացնել»,- հավելել է «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահը: