Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է իրանական «Kayson» ընկերության նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է իրանցի գործարարների այցը մեր երկիր եւ նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել եւ աջակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալմանն ու զարգացմանը:
Մոհամմադ Ռեզա Անսարին նշել է, որ իր ղեկավարած «Kayson» ընկերությունը՝ որպես միջազգային կապալառու կազմակերպություն, գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, մասնագիտացած է շինարարական, առեւտրային, ինժեներական, ֆինանսական, ներդրումային ծառայությունների ոլորտում եւ ցանկություն ունի ներդրումային ծրագրեր իրականացնել նաեւ Հայաստանում:
Զրուցակիցները քննարկել են տրանսպորտային եւ ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման, քաղաքաշինության, ճանապարհաշինության եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: