Այսօր՝ մայիսի 18-ին, ԱՄՆ-Հայաստան բիզնես կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե մենիշխանությունների դեմ պայքարը ՀՅԴ-ի ծրագրի հայտնի կետերից մեկն էր, և Արծվիկ Մինասյանը գիտի, թե ովքեր են մոնոպոլիստները, ասաց, որ վերջինս քաղաքական ուժի ներակայացուցիչ է և ցույց է տվել իր անգործունակությունը:
Մինասյանի խոսքերով, քննադատություններ միշտ էլ լինելու են, սակայն դա իրեն չի խանգարելու առաջ գնալ. «Միևնույն է, ես գնալու եմ այդ ուղղությամբ և պայքարելու եմ մենաշնորհների դեմ»:
Դաշնակցական նախարարը, խոսելով իր ղեկավարած նախարարության կայքում հայտնված այն հայտարարության մասին, որով լրագրողներին կոչ է անում միասին պայքարել մենաշնորհների դեմ, ասաց, որ ինքը միշտ է կողմ եղել մենիշխանության դեմ պայքարին և հիմա էլ ցանկանում է, որ լրագրողներն օգնեն այդ գործում, սակայն եթե օգնություն չկա, թող գոնե չխանգարեն:
Պատասխանելով այն հարցին, որ անընդհատ խոսվում է օլգարխների մասին, սակայն իրական պայքար և արդյունքներ չեն լինում՝ Մինասյանն ասաց, որ պատրաստ չէ քաղաքականության հասցնել սիրողական մակարդակով արված հայտարարությունները և իր բոլոր գործողությունների հիմքում դնելու է միայն օրենքը. «Մի սպասեք, որ ես ականջահաճո կամ ամբոխահաճո հայտարարություններով կփորձեմ գրավել որոշ մարդկանց սրտեր։ Ես՝ որպես նախարար, ավելի սկզբունքային և կարևոր եմ համարում երկրի զարգացումն ապահովելը»: