Այսօր՝ մայիսի 20-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի և մասնավորապես դրա նկատմամբ թերհավատության մասին, նշեց, որ վարչապետն ինքն իր թշնամին չէ, որ նման բան հայտարարի, սակայն չանի, քանի որ առաջիկայում նախընտրական փուլ է սկսվելու. «Կառավարությունն այսօր միայնակ է, նրան օգնություն է պետք, քանի որ իշխանությունները չեն կարող միայնակ պայքարել»:
Բացի դրանից, ԲՀԿ-ական պատգամավորի խոսքերով, այսօր Հայաստանին լուրջ արմատական փոփոխություններ են պետք, այլընտրանք չկա, քանի որ կոսմետիկ «վերանորոգումը» հարցի լուծմանը չի օգնելու:
Ինչ վերաբերում է դրան, թե կոնկրետ ինչպես պետք է կառավարությունը պայքարի օրինակ մենաշնորհների դեմ, Մելքումյանն ասաց, թե նախ անհրաժեշտ է հասկանալ ինչու են շուկաները փակ եղել, որպեսզի հնարավոր լինի բացել դրանք. «Նաև պետք է ասել, թե նախկինում ինչ մակարդակի են եղել մենաշնորհները և կոռուպցիան, իսկ որքան կլինի որոշ ժամանակ անց: Պետք է արդյունքը տեսանելի լինի»:
Պատգամավորը նաև խոսեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին՝ նշելով, որ իշխանությունները և ընդդիմությունը մինչև հունիսի 1-ը պետք է փոխզիջումների միջոցով համաձայնության գան, քանի որ հենց այդ ժամանակ է օրենքն ուժի մեջ մտնելու: