Տնտեսություն 

Կա տեսակետ, որ որոշ ոլորտներում մենաշնորհը պետք է պահպանվի. Արծվիկ Մինասյան

«Երբ խոսում ենք մենաշնորհների մասին, պետք է հասկանալ՝ արդյո՞ք բոլոր դեպքերում է այն բացասական»,-այսօր՝ մայիսի 30-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքերով, տնտեսագետների շրջանում նույնիսկ քննարկվում է, որ այն մենաշնորհները, որոնք մշտապես կառուցվում են նորարարությունների վրա, պետք չէ արգելել. «Կա նաև երկրորդ ոլորտը, որի մասին նույնը կարելի է ասել: Խոսքը վերաբերում է այն մենաշնորհներին, որոնք կապված են երկրի անվտանգության համակարգերի հետ և որտեղ պետությունը պետք է ունենա բացառիկ իրավունք: Կոնցեպցիաների տարբերություն կա: Հիմա մենք պետք է ընտրենք այն հայեցակարգը, որով առաջ ենք շարժվելու: Պետք է որոշել՝ կա՞ն արդյոք ոլորտներ, որտեղ պետությունը կհանդուրժի մենաշնորհը: Բայց այդ դեպքում մենաշնորհը պետք է ճանաչվի օրենքով, դրա վրա պետք է դրվի այսինչ սոցիալական բեռը, այդ ընկերությունը պետք է լինի հանրային, ապահովի թափանցիկություն և այլն: Սրանք հայեցակարգեր են, որոնք պետք է քննարկման առարկա դառնան, որպեսզի հետագայում մենաշնորհ դարձող կազմակերպությունը հասկանա, որ ինքը կրելու է ավելի մեծ բեռ ու պատասխանատվություն և որ իր համար հանրությանը մատուցող ծառայությունների ծախսը շատ թանկ հաճույք կլինի»,-ասաց նախարարը:

Նույն շարքից