Այսօր հունիսի 14-ին, խորհրդարանում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում թանկանալու են ծխախոտը, օղին. «Մեր կառավարությունը հպարտանում է, թե չեն խրախուսում ալկոհոլային խմիչքների վաճառքը: Այսինքն մարդիկ Նոր տարի չեն անելո՞ւ, տանը ծնունդ չեն նշելո՞ւ, մարդկանց տուն հյուր չի մտնելո՞ւ, պետությունով ընկել եք այդ մի շիշ արաղի հետևից»:
Պատգամավորը նշեց, որ թանկանելու է նաև բենզինը, դիզվառելիքը, լիցքավորվող գազ. «Ազգային ժողովի փոխնախագահը (Հերմինե Նաղդալյան) սենսացիոն հետևություն է անում՝ խմեք թրմօղի և քշեք հեծանիվ, բեռներն էլ էշով տեղափոխե՞նք, վարուցանքն էլ գութանով անե՞նք, միջքաղաքային տրանսպորտն էլ ֆայտոնո՞վ: Ասում են գինի խմեք կամ թրմօղի, բայց այդ նույն գնին կամ թրմօղին երկու անգամ թանկ է: Դա նույնն է, որ ասեն ձուկը թանկ է, սև իկռա կերեք: Դուք կուտեք, բա մյուսնե՞րը»:
Փաշինյանի խոսքերով իշխանությունները փոխանակ հասկանան, թե ինչպես են օլիգարխները մի քանի տարվա ընթացքում եռապատկում իրենց ունեցվածքը, ընկել են շարքային հարկատուների ետևից. «Ռուսաստանից գույքի դիմաց 200 միլիոն դոլար գազ բերեցին, գազալցակայանի առանց հաշվիչ խողովակներով, կաչայտ արին, դառան խոշոր բարերարներ, միլիարդատերեր, ազգի փրկիչներ»:
Ինչ վերաբերում է բենզինին,ապա օրենսդրի խոսքերով, այսօր պետությունը չի երաշխավորում՝ վճարած գումարի դիմաց մենք համապատասխան բենզին ստանո՞ւմ ենք, թե՝ ոչ: