Փարիզում մոտ 40 մարդ է ձերբակալվել երեկ ավարտված Եվրո-2016-ի եզրափակիչ հանդիպման մեկնարկից առաջ սկսված և խաղի ավարտից հետո շարունակված անկարգությունների ժամանակ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Բախումները սկսվել են Էյֆելյան աշտարակի մոտ: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, ինչի շնորհիվ կարգազանցներին հաջողվել է հանգստացնել:
Անկարգությունները նոր թափ են ստացել և արդեն տարածվել են Ելիսեյան պալատի տարածքում եզրափակիչի ավարտից հետո: Այս անգամ մեղավորը պորտուգալացիներն են եղել, ովքեր արգելված միջոցներով են տոնել իրենց հավաքականի հաղթանակը: Այս անգամ ևս ոստիկանությունը դիմել է արցունքաբեր գազի օգնությանը:
Հիշեցնենք, որ երեկ ավարտված Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց տանտերերին՝ առաջին անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Պորտուգալացիներին շնորհավորել է նաև Փարիզի խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը՝ լուսավորվելով այդ երկրի դրոշի գույներով: