Տնտեսություն 

Սոցիալապես անապահովների համար գազը կդառնա 100 դրամ

Այսօր կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով գազի սակագների փոփոխությանը, վարչապետ Կարեն Կարապետյանը  հայտարարել է, որ բյուջեն, կառավարությունը որևիցե ձևով չի սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը: «Սակագները հետևյալն են՝ 10.000 խորանարդ մետրից ավելի գազ սպառողի համար 257.56 դոլարից դարձել է 242.1 դոլար: Եթե այդ կազմակերպությունը սպառում է ավելի գազ, քան նախկինում սպառել է, ապա ավելի սպառած գազի սակագինը կարող է դառնալ 212 դոլար: Այսպիսով՝ «Գազպրոմ Արմենիա»-ն փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդլայնվի և բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա, շուկայի մեծացման հաշվին աշխատի և բիզնեսը շահավետ դառնա»: Մինչև 10.000 խորանարդ մետր սպառում ունեցող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հետ միասին մինչև հունվարի 1-ը ճշտել սոցիալապես անապահովների ցանկը: Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություններին, ապա գազի սակագինը 257.56 դոլարից դառնում է 212 դոլար: Ավելի քան 45 դոլարի նվազեցման արդյունքում այդ ձեռնարկությունները հնարավորություն կունենան ընդլայնվել: Վարչապետի խոսքով՝ գազի սակագնի նվազեցման համար հիմք է ծառայել չորս գործոն՝
1. հունվարի 1-ից ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը և ակնկալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի,
2. սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մեկ միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը,
3. «Գազպրոմ Արմենիա»-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացումը՝ ուղղված ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը,
4. «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետերը շուկայի ընդլայնման և կայունացման համար ֆինանսական ռիսկերը, որոնք կառաջանան այս ընկերությունում, վերցնում է իր վրա:

Վարչապետը կրկին հանձնարարել է բոլոր նախարարություններին և գեչատեսչություններին վերանայել իրենց պաշտոնական կայքերի թեժ գծերի աշխատանքը, նշել կոնկրետ ոլորտների պատասխանատուների տվյալները, որպեսզի հարցադրումները ներկայացվեն ըստ հասցեականության: «Այդ իսկ պատճառով, եթե ձեր դաշտում դուք ձեր բեռը չվերցնեք, ապա ամբողջը տեղափոխվելու է այստեղ, ինչը արդյունավետ չէ»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ իր խորհրդականները, օգնականներն այս օրերին ստացել են 2156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն, ունեցել՝ 100-ից ավելի հանդիպումներ:

Նույն շարքից