Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին զարմացրել է լրագրողներից մեկի հարցը, որը վերաբերել է կատալոնացիների առաջատար Լեոնել Մեսսիին, գրում է ESPN-ը:
«Մեզ մոտ Շոտլանդիայում Լոխ Նեսսի լճի մասին լեգենդ գոյություն ունի: Համացանցում շատ լուսանկարներ կան այդ մասին: Սրանով պայմանավորված կա հարց. Ինչի՞ն եք ավելի շատ հավատում՝ Լոխ Նեսսի հրեշի՞ գոյությանը, թե՝ Լեոնել Մեսսիի»,-հարցրել է լրագրողը:
«Չեմ կարողանում հավատալ, որ դուք իրոք նման բան եք ասում: Որևէ բան չգիտեմ Լոխ Նեսսի հրեշի մասին, սակայն գիտեմ, որ Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է: Սա երևի վատագույն հարցն է, որ ես լսել եմ»,-ասել է 43-ամյա մասնագետը:
ESPN-ն նշում է, որ հարցը տրվել է անգլերեն լեզվով և հավանաբար հենց դա է պատճառը, որ թյուրիմացություն է տեղի ունեցել լրագրողի և մարզչի միջև: