Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստներից մեկը՝ Կրիշտիանո Ռոնալդուն, տարիներ շարունակ իր գումարները պահել է օֆշորներում, ինչի արդյունքում խուսափել է հարկերից՝ միլիոնավոր եվրոների վնաս հասցնելով իսպանական բյուջեին, հայտնում է Der Spiegel-ը:
Պարբերականը հղում է անում Football leaks պորտալին, որը միավորում է Եվրոպայի լրագրողներին և զբաղվում է մեծ սպորտում ֆինանսական խարդախությունների հետաքննությամբ: Սպասվում է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում նոր նյութեր կհրապարակվեն, որոնք կհաստատեն վերոնշյալ փաստը:
Հետաքննության հեղինակները պնդում են, որ Ռոնալդուն, ունենալով 150 միլիոն եվրո եկամուտ գովազդներից, պետությանը վճարել է դրա 4 տոկոս, այնինչ պետք է վճարեր 43 տոկոս: Իր փողերը պահելու համար նա օգտվել է Շվեյցարիայի և Բահամյան կղզիների օֆշորային ընկերությունների ծառայություններից: Այդ գործում պորտուգալացուն օգնել է իր գործակալ Ժորժե Մենդեշը:
Հարկերից խուսափելու մեջ մեղադրվում է նաև Ժոզե Մոուրինիոն, ով ևս, հրապարակումների համաձայն, օգտվել է Ժորժե Մենդեշի ծառայություններից: