Տնտեսություն 

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 27-ին ընդունեց «ՏՐԱՍԵԿԱ» Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագային:

«ՏՐԱՍԵԿԱ»-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 14 անդամ-պետություններ: ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» ազգային հանձնաժողովի նախագահը Վահան Մարտիրոսյանն է:

Ողջունելով հյուրին` նախարարը կարևորեց Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային  միջանցքի շրջանակում բազմակողմ տնտեսական գործակցության հետագա խթանումը:

Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել անդամ-պետություններին` ստորագրված համաձայնագրերին առանց որևէ պայմանների կամ քաղաքականացված վերապահումների միանալու գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մուլտիմոդալ փոխադրումների և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ Միրչեա Չոպրագան հայտնեց, որ Միջկառավարական հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել հայկական կողմի առաջարկությունները` անդամ-պետությունների հետ տնտեսական և տրանսպորտային կապը զարգացման նպատակով:

Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է:

Նույն շարքից