Մամուլի ակումբ Տնտեսություն 

«Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն կտուգանվի 95 մլն դրամով

analitik.am

ՀՀ վարչապետի 2013թ. դեկտեմբերի 5-ի հանձնարարականի /29.7 [178877] – 13 N-50 / համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից 2013թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև դկտեմբերի 13-ը ընկած ժամանակահատվածում  «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում իրականացվել է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի հսկողություն, առևտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող պահանջների և օրենսդրական չափագիտության պահանջների պահպանման պետական վերահսկողություն, որի արդյունքում կազմվել է ստուգումների վերաբերյալ ակտի նախագիծ:


Ստուգումների արդյունքները ներկայացնելու նպատակով այսօր «Անալիտիկ» կենտրոնում հյուրընկալվել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը:


Անդրադառնալով խնդրին՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը նշեց, որ իրենց գլխավոր խնդին այն է, որ սպառողը մտնի շուկա է ծանոթ չփնտրի ոսկի գնելիս և հավելեց, որ  դեկտեմբեր ամսվա ընթացքում «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում 95 միլիոն դրամ տուգանքի ակտի նախագիծ է կազմվել, որը ներկայացվել է կողմին:


Տեսչության պետը պարզաբանեց, որ օրենքը թույլ է տալիս չհարգադրոշմված և չհարգորոշված ոսկե իրեր վաճառել, եթե դրանց քաշը չի գերազանցում 1.5 գրամը, իսկ արծաթե իրերինը՝ 3 գրամը:

Նրա խոսքով հինգ օրվա ընթացքում կողմը պետք է ներկայացնի իր դիտողություններն ու անհամաձայնությունը, որից հետո ընկերությանն արդեն կտրամադրվի վերջնական ակտը:


Ինչ վերաբերում է անհատ վաճառողներին տուգանելուն՝ Խալիկյանն ասաց, որ ոսկու շուկայի անհատ վաճառողներից ոչ մեկի մոտ ստուգումներ չեն եղել, հետևաբար չեն եղել նաև տուգանվողներ:

«Մինչև կառավարության հանձնարարականը ոսկու շուկայում ստուգումներ չեն եղել, և կառավարության դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած անձինք տուգանված չեն եղել: Մենք հրավիրեցինք այդ տուգանված աշխատողներին, և պարզվեց, որ այդպիսի բան չկա: Այս տարվա ընթացքում ամենախոշոր տուգանքը, որը նշանակվել է ոսկու և թանկարժեք մետաղների վերահսկողության ոլորտում, եղել է 500 հազար դրամը: Եվ այն անձինք, ովքեր եկել էին մեզ մոտ, ասացին, որ այդ քայլին են գնացել, որպեսզի հետագայում հանկարծ խոշոր տուգանքներ չնշանակվեն»,- նշեց բանախոսը:

Նշենք, որ շաբաթներ առաջ ոսկու շուկայի աշխատողները գործադուլ և ակցիա էին իրականացրել այն բանի համար, որ շուկայի վերահսկողության տեսչության աշխատակիցները համատարած տուգանել են իրենց մինչև 2 միլիոն դրամի չափով: Տուգանքներն էլ կապված էին եղել ոսկյա իրերի հարգի և հարգադրոշմի հետ:

«Այդ աղմուկից հետո, հիմնվելով նաև առկա այլ բողոքների վրա, կառավարությունը ստուգումներ է սկսել Ոսկու շուկայում, մասնավորապես, «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում, և կազմվել է 95 միլիոն դրամ տուգանքի ակտի նախագիծ, որը ներկայացվել է կողմին»: 

Բացի ոսկու հարգորոշման և հարգադրոշմի ստուգումներից՝ ոսկու շուկայում ստուգումներ է իրականացրել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Տեսչության պետ Ավետիք Մկրտչյանի խոսքով՝ իրենք ևս բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել.  33 վարչական իրավախախտման դեպք, հրդեհային անվտանգության կանոնների խախտման դեպքեր: 9 արձանագրություն էլ կազմվել է արտադրման վտանգավոր օբյեկտների վերաբերյալ: Բոլոր արձանագրությունների առիթով էլ ներկայումս վարչական վարույթ է իրականացվում:

Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք սևեռվածություն կա «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի ուղղությամբ, բանախոսները պատասխանեցին, որ  իրենք բոլոր շուկաներում էլ ստուգումներ են իրականացրել, խախտումներ են հայտնաբերել: Իսկ քանի որ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ում խախտումներ նաև նախկինում էին հայտնաբերվել և հիմնական բողոքները վերաբերել են վերոնշյալ ընկերությանը, այդ պատճառով է լայնածավալ ստուգումներ իրականացվել են հենց այդտեղ:

«Քանի որ «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ն հանդիսանում է և՛ տոնավաճառի կազմակերպիչ, և՛ ոսկյա իրերի վաճառող և հարգադրոշմող մարմին, դրա համար կոնցեռնում լայնածավալ ստուգումներ իրականացվեցին բոլոր ուղղություններով, ու հայտաբերվեցին մի շարք խախտումներ»,-ասաց Խալիկյանը:

 


Analitik.am

Նույն շարքից