Մամուլի ակումբ Տնտեսություն 

Բյուջե-2015. ինչ մարտահրավերներ կան

analitik.am

 Հաջորդ տարվա տնտեսական աճի միտումները կթուլանան` կապված տրանսֆերտների ծավալների նվազման հետ: ››«Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած այսպրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ 2015 թվականի ՀՀ պետբյուջեում այնպիսի ցուցանիշներ են նախատեսված, որոնց իրագործումը հնարավոր է: Տնտեսագետը կիսում է կառավարության ներկայացուցիչների տեսակետը, թե 2015թ. պետական բյուջեի նախագիծը սոցիալական ուղղվածություն ունի:


Եվրասիական տնտեսական միությունում, ըստ Վ. Խաչատրյանի, ամենաքիչ գնաճը կանխատեսվում է Հայաստանում` 1,8 %:  Նրա ներկայացմամբ, Ռուսաստանում գնաճը 7,4 % է կանխատեսվում, Ղազախստանում` 6,9, իսկ Բելառուսում 18,6 % գնաճ կլինի: «Ամենաարդյունավետը մեր Կենտրոնական բանկն է կարողանում գնաճը կանխել: Իհարկե, գնաճի կանխելը ոչ բոլոր դեպքերում է դրական, կարելի է թույլ տալ որոշակի ինֆլյացիա եւ տնտեսական ակտիվություն»,-ասաց Վիլեն Խաչատրյանը: 


Իսկ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գտնում է, որ ԵՏՄ-ին անդամակցելով, մեր երկրին ավելի շատ օգուտ կստանա, քան վնաս: Տնտեսությունը կշահի, թե՞ ոչ, այդ հարցը առավելապես կախված է Հայաստանի կառավարությունից: «Եթե մեր տնտեսությունը կարողացավ առավել մրցունակ լինել, պետական համապատասխան քաղաքականություն լինել կամ պարզապես բիզնեսն իր մեջ ուժ գտավ մրցունակության բարձրացման, ապա կշահենք անդամակցության արդյունքում»,- նշեց Կ. Խաչատրյանը: 


«Շատ է խոսվում այն մասին, թե հասարակ քաղաքացին կշահի՞ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանն առավելապես կախված է մեզանից և ուրիշ ոչ ոքից: Եթե մեր տնտեսությունը կարողանա մրցունակ լինել՝ պետական համապատասխան քաղաքականություն տարվի, կամ պարզապես բիզնեսն իր մեջ ուժ գտնի բարձրացնելու մրցունակությունը, ապա այս միությանն անդամակցելիս միանշանակ կշահենք, եթե՝ ոչ, ապա նորից կկանգնենք կոտրած տաշտակի առաջ»,- ասաց նա:


Խոսելով ամանորյա նախատոնական գնաճից` Վիլեն Խաչատրյանն ասաց, որ, մեր հոգեկերտվածքից ելնելով, ծախսերի գերակշիռ մասը մարդիկ կենտրոնացնում են հենց այդ ժամանակահատվածում` առաջացնելով լրացուցիչ գնողունակություն, ինչն էլ առաջացնում է սպառման ծավալների աճ. «Այդ տրամաբանությունից ելնելով` բոլոր առեւտրով զբաղվողներն ունեն իրենց մտածելակերպը` որ պետք է այդ ժամանակահատվածում գները թանկացնել եւ դրանից խուսափել երբեք չի լինում»: 

Նույն շարքից