Մամուլի ակումբ Տնտեսություն 

Հայաստանում փոքր բիզնեսը պաշտպանության կարիք ունի. Մակարյան

analitik.am

 Այսօր «Անալիտիկ» կենտրոնում Հայաստանի գործատուների հանրապետական միության ու Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպության մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Փոքր բիզնեսի խնդիրները.աշխատավորների սոցիալական հարցերը» թեմայով:

 

 Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Գեղարդ Դավթյանը, անդրադառնալով  կազմակերպության հիմնական նպատակներին ու  սկզբունքներին, ասաց. ««Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպություն»-ը 2014 թվականի ապրիլի վերջին է հիմնվել: Ուսումնասիրելով Հայաստանում արհմիությունների և միջազգային շուկայում արհմիությւոնների ունեցած դերն ու նշանակությունը, համոզվեցինք, որ Հայաստանու այս դաշտը բաց է: Մեր կազմակերպության նպատակն է Հայաստանում կայցանել արհմիությունները, իրականացնել համատեղ գործողություններ աշխատողների աշխատանքային իրավունքների, ներկայացնել գործատուի սոցիալական շահերը և այլն:

 

 Կարծում եմ, որ կարող ենք մեծ հաջողություններ ունենալ: Նշեմ, որ ֆինանսական խնդիրներ չունենք: Մենք պատրաստվում ենք փոքր և միջին բիզնեսը զուգակցել: Մեր կարծիքով՝ պետությունը մեծ գումարներ է հատկացնում խոշոր բիզնեսի զարգացման համար, սակայն փոքր և միջին բիզնեսի պաշտպանության մասին ոչ մի խոսք չկա: Պետք է ուսումնասիրել և հասկանալ, թե տուժող գործատուին ո՞նց կարելի է պաշտպանել մեծ ձեռնարկատիրոջից: Պետք է փոքր գործատուի հետ աշխատեն արհմիությունները և պաշտպանեն նրա շահերը, աջակցենք, որպեսզի այն զարգանա»: Բանախոսը նաև նշեց, որ պետք է լինի համագործակցություն արհմիությունների և ԶԼՄ-ի միջև, որը նախատեսված է «Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպության» կանոնադրությամբ. «Պատրաստվում ենք տարեկան 10-15 միլիոն եվրո ներդնել և կփորձենք ստեղծել նոր աշխատատեղեր, քանի որ խոսելու ժամանակը չէ, այլ գործելու: Տարբեր ձեռնարկատերերի հետ խոսել ենք, մենք առողջապահական կենտրոն ենք ստեղծելու, արհմիությունների աշխատողների խոշոր բանկ ենք ստեղծելու, որը առանց տոկոսի վարկ կտրամադրի գործատուներին»:

 

 Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, անդրադառնալով «Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպության»-ը, նշեց. «Կարծում եմ, որ Հայաստանում փոքր բիզնեսը շահերի պաշտպանության խնդիր ունի, եթե արհմիությունները և աշխատավորները համագործակցեն ապա հնարավոր կլինի պաշտպանել նրանց շահերը: Միկրոբիզնեսմենները, եթե գիտակցեն, որ իրեն սատարող մեկ այլ ուժ է հայտնվել, կհամագործակցեն «Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպության» հետ և այսպիսով՝ կփորձենք զարգացնել Հայաստանում միկրոբիզնեսը, այստեղ պետք է շահերի համախմբում և կոնսոլիդացում»:

 

Մակարյանը նշեց, որ խոշոր բիզնեսները ունեն կորպորատիվ ծրագրեր, որոնք ընթանում են աշխատողների հետ և կարելի է ասել, որ հենց այդպես էլ կատարում են արհմիութենական աշխատանքը: Նա նաև նշեց, որ «Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպություն»-ը նախատեսված է միայն փոքր բիզնեսի շահերը պաշտպանելու համար: Բանախոսը գտնում է, որ այս ոլորտում աշխատանքներ պետք է սկսել ուսանողների, երիտասարդների հետ. «Պետք է մոտիվացնել նրանց, հանդիպումներով պետք է կրթենք նրանց, որպեսզի նրանք պատրաստ լինեն հետագայում իրենց շահերը պաշտպանելուն»:

 

Մակարյանը նաև նշեց, որ երբ որևէ ռեֆորմ է իրականացվում, ապա քաղծառայողները տուժում են և արհմիությունները պարտավոր են արձագանքել այս խնդրին ու պաշտպանել նրանց շահերը. «Կարևոր է, որ արհմիություննների կոնֆեդերացիաները պաշտպանեն նաև ոչ միայն իրենց անդամների շահերը, այլև՝ օգնեն արհմիության ոչ անդամներին: Ռեֆորմների արդյունքում հազարավոր մարդկանց են ազատում աշխատանքից, այստեղ մենք որպես կառավարության և արհմիությունների սոցիալական գործընկեր անելիքներ ունենք»:

 

Նշենք, որ «Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունը» իր միջազգային գործունեությունը կառուցում է արտասահմանյան արհմիությունների կենտրոնների հետ՝ Արհմիությունների միջազգային կազմակերպության, Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի, աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև աշխատանքային սոցիալ-տնտեսական և հումանիտար հարցերով զբաղվող այլ կազմակերպությունների հետ և նպատակ ունի դառնալու արհմիությունների միջազգայի անդամ:

Նույն շարքից