Մշակույթ Վերլուծական 

Մշակույթի նախարարությունը չգիտի՝ ինչու՞ է վերջին տարիներին զգալի պակասել թանգարանների գեղանկարչական աշխատանքների թիվը

analitik.am

 

Ավելի վաղ Analitik.am-ը, ուսումնասիրելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, պարզել էր, որ վերջին 10 տարում Հայաստանի թանգարաններից պակասել է 136 հազ. 251 գեղանկարչական աշխատանք կամ դրանց թիվը պակասել է ավելի քան 4 անգամ, մինչդեռ Հայաստանում գործող թանգարանների թիվը նույն  ժամանակահատվածում  ավելացել է 19-ով: Բնականաբար, հարց էր առաջանում՝ ինչո՞ւ են պակասել թանգարանների գեղանկարչական աշխատանքները, եթե տարիների ընթացքում թանգարանների թիվն աճել է: 


Այս կապակցությամբ մեր հարցմանն ի պատասխան՝  ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացրին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը կարող է փաստել միայն, որ 2003-2013 թվականներին իր համակարգի թանգարաններից գեղանկարչական առարկաներ չեն հանվել: 


Մշակույթի նախարարության գրավոր պատասխանի մեջ, մասնավորապես, ասվում է.


«Ո՞րն է եղել նշված տարիների  ընթացքում 136 հազ. 251 հատ գեղանկարչական աշխատանքի՝ թանգարաններից դուրս բերելու պատճառը»  հարցին պատասխանելու համար պետք է ուսումնասիրել ՀՀ ազգային վիճակագրական վարչության կողմից հրապարակված հաշվետվությունները:


Ըստ հրապարակված նյութերի` առաջին անգամ գեղանկարչական նյութերի տարբերություն նկատվում է 2007 թվականին՝ 2006 թվականի համեմատությամբ. 2006 թ 191.1 ցուցանմուշի փոխարեն 2007 թ. 110.6, տարբերությունը` 80.8 միավոր:


Համեմատելով նշված  տարիների թանգարանային հավաքածուները ըստ թանգարանների` նկատում ենք  տարբերություն  Երևան քաղաքի 2006-2007 թվակաների հաշվետվությունների միջև:


Այսպես` հաշվետվություն ներկայացրել են երկու դեպքում էլ  57 թանգարան, բայց հավաքածուների ընդհանուր քանակը 2006 թ. 2077.3 ցուցանմուշի փոխարեն՝ 2008.9 ցուցանմուշ, տարբերությունը` 68.4 ցուցանմուշ:


Քանի որ  ՀՀ ԱՎԾ-ը  թանգարաններից ստացած հաշվետվությունները ներկայացնում է  ընդհանրական, չենք կարող պազել, թե որ թանգարանից  և ի՞նչ հիմնավորումով է  պակասում: Նման իրավիճակ տեսնում ենք, երբ համեմատում ենք 2008-2009 թվակաների գեղանկարչական նյութերը:  2008 թ. 108379  ցուցանմուշի փոխարեն 2009 թ. 44020 միավոր, տարբերությունը`  64359  միավոր»:


Այս տարբերության    բացատրությունն, ըստ Մշակույթի նախարարության, առաջին անգամ  գտնում ենք  ՀՀ ԱՎԾ-ը «ՀՀ սոցիալական վիճակը 2009 թ-ի հրապարակման  մեջ:   «Նախորդ տարվա (2008) նկատմամբ գեղանկարչության առարկաներ ցուցանիշի 59.4%-ով նվազումը հիմնականում պայմանավորված է «Գեղագիտության ազգային կենտրոն»  Պետական փակ բաժնետիրական ընկերության ֆոնդերից հաշվեկշռային արժեք չներկայացնող  (պահպանման ոչ ենթակա)  64706 մանկական նկարների հաշվառումից հանելու հանգամանքով:  Սույն անվանական տեղեկատվությունը հրապարակվում է հիշատակված ընկերության գլխավոր տնօրենի  պաշտոնական համաձայնությամբ»,- ասված է ԱՎԾ-ի բացատրության մեջ:  Նշված փաստը վկայում է,  որ ՀՀ ԱՎԾ-ը  կարող է ունենալ այդ տարբերությունների հիմնավոր պատճառները:


Այսպիսով, կարճ ասած՝ ՀՀ մշակույթի նախարարությունը չունի հետևյալ հարցի պատասխանը՝ ինչու՞  են վերջին տարիներին ՀՀ թանգարաններում պահվող գեղանկարչական աշխատանքները զգալի պակասել: Ըստ նախարարության՝ այդ հարցի պատասխանը պետք է տա ՀՀ ԱՎԾ-ն: Այս հարցի վերաբերյալ նշված կառույցի պատասխանը կհրապարակենք այն ստանալուն պես:


Եթե ընդհանուր պակասած գեղանկարների թվից՝  136 հազ. 251,  հանում ենք հաշվառումից հանված 64 706 մանկական գեղանկարները, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ  են եղել մնացած գեղանկարները՝ մոտ 71 հազար գեղանկարներ:

 

Սեդա Հերգնյան

 

 

 

Նույն շարքից