Տնտեսություն 

2014թ.-ին Բելառուսից Հայաստան կներկրվի տրակտորների որոշ խմբաքանակ

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հյուրընկալեց ՀՀ Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոյին վերջինիս խնդրանքով:

Կողմերը նշել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը, առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելու և գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությունը:

Ս. Կարապետյանը գոհունակությամբ է նշել բելառուսական արտադրության տրակտորների՝ Հայաստան ներկրելու կարևորությունը, ինչը հնարավորություն տվեց հայ ֆերմերներին ձեռք բերելու որակյալ և մատչելի գյուղտեխնիկա: 

Նա նաև տեղեկացրել է, որ տրակտորները հաջողությամբ շահագործվում են Հայաստանում, և նպատակահարմար է 2014թ. առաջին եռամսյակում նույնպես կազմակերպել տրակտորների որոշ խմբաքանակի ներկրում Հայաստան: 

Դեսպան Ս. Սուխորենկոն անդրադարձել է առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստի արձանագրությամբ նախատեսված, գյուղատնտեսությանը վերաբերող կետերին և փոխանցեց բելառուսական կողմի պատրաստակամությունը՝ կազմակերպելու բելառուսական գյուղտեխնիկայի արտադրություն Հայաստանում արդյունաբերական որևէ ձեռնարկության բազայի հիմքի վրա և ստեղծելու այդ տեխնիկայի սպասարկման համար լիցենզավորված կենտրոն: 

Դեսպանը նաև ցանկություն է հայտնել աջակցելու ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը և առաջարկեց քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը 2014թ. ընթացքում: 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն ընդունել է դեսպանի առաջարկը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու դրանց իրականացման ուղիները:

Նույն շարքից