Սպորտ 

Հայ մարզիչը՝ ՈՒԵՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի ոսկե մրցանակի դափնեկիր

ՈՒԵՖԱ-ի Գործդիր Կոմիտեի որոշմամբ Գյումրիի «Տրիբունա» աղջիկների ակումբի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանն արժանացել է «ՈՒԵՖԱ-ի Մասսայական ֆուտբոլի շաբաթի» մրցանակաբաշխության ոսկե մրցանակին՝ Մասսայական ֆուտբոլի լավագույն մարզիչ անվանակարգում: Մրցանակը հիմնականում հանձնվում է մարզչին/կամավորին/կազմակերպչին, ով երկար ժամանակի ընթացքում դրսևորում է բացառիկ նվիրվածություն իր գործին և ունենում է դրական ազդեցություն ֆուտբոլի զարգացման գործում: ՈՒԵՖԱ-ի Գործկոմը որոշել է, որ Սենիկ Առաքելյանն ամբողջապես համապատասխանում է վերոնշյալ բնորոշմանը:

Օգոստոսի 22-ին Գյումրիում տեղի ունեցավ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցանակը՝ ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված 100 գնդակ և հատուկ հավաստագիր, Սենիկ Առաքելյանին հանձնեց ՀՖՖ Հավաքական թիմերի և Մասսայական ֆուտբոլի բաժինների պետ Մարինա Թաշչյանը: Ավելի ուշ՝ սեպտեմբերին, մրցանակի մասին կհայտարարվի նաև ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում՝ որպես ՈՒԵՖԱ-ի կողմից Մասսայական ֆուտբոլի շաբաթվա տոնակատարությունների և եվրոպական սպորտի շաբաթվա շրջանակներում անցկացվող միջոցառումների մի մաս:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս շնորհավորում է գյումրեցի մարզիչ Սենիկ Առաքելյանին, մաղթում անսպառ ուժ, եռանդ և բազմաթիվ հաջողություններ մարզչական կարիերայի ընթացքում:

Նույն շարքից