Տնտեսություն 

2007թ. 18 միլիարդի փոխարեն այս տարի համայնքներին կհատկացվի շուրջ 36 մլրդ դրամ. փոխվարչապետ

analitik.am

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի հարցով զեկուցողներ, Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովի անդամներ Նայջել Մերմագենին (Nigel Mermagen) և Լյուդմիլա Սֆիրլոգային (Ludmila Sfirloaga): Պատվիրակությունը Հայաստանում է` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային համապատասխան` տարածքային ժողովրդավարության և ապակենտրոնացման հարցում ստանձնած պարտավորությունների կատարման զեկույցի պատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել առաքելությանը և պատասխանեց նաև պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանում ապակենտրոնացման, տեղական ժողովրդավարության, համայնքների կարողությունների զարգացման խնդիրներին, վարչատարածքային բարեփոխումներին:

Պատասխանելով համայնքների ֆինանսական կարողությունների մեծացման մասին հարցին, փոխվարչապետը նշել է, որ այս խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Վերջին տարիներին ուշադրությունը սևեռված է եղել տեղերում վարչարարության բարելավմանը: Որպես օրինակ նա նշել է, որ 2007թ. հավաքագրված սեփական եկամուտների ընդհանուր ծավալը կազմում էր 16-17 մլրդ դրամ, մինչդեռ այս տարին կավարտվի գրեթե կրկնակի ցուցանիշով: «Հիմա մեզ համար ամենահիմնական խնդիրը պետության կողմից համայնքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունն ավելի նպատակային և ավելի հասցեական դարձնելն է: Այդ պատճառով էլ մշակվել է ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նոր նախագիծը, որի լրամշակման ուղղությամբ աշխատում ենք նաև եվրոպացի փորձագետների հետ»,-նշել է Ա. Գևորգյանը: Նա միաժամանակ նկատեց, որ ավելացվել է նաև համայնքներին պետության կողմից համահարթեցման նպատակով հատկացվող դոտացիաների ծավալը. 2007թ. 18 միլիարդի փոխարեն այս տարի համայնքներին կհատկացվի շուրջ 36 մլրդ դրամ:

Պատասխանելով համայնքներում մարդկային ռեսուրսի զարգացման մասին հարցին, Ա. Գևորգյանը նշել է, որ ձևավորվել և արդեն գործում է համայնքային ծառայության ինստիտուտը, որի հիմքերը Խարտիան ստորագրելու պահին` 2002թ-ին, անգամ դրված չէին, պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ և ուսուցումներ ինչպես համայնքային ծառայողների, այնպես էլ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների համար:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել նաև վարչատարածքային բարեփոխումների իրականացման սկզբունքների մասին: 

Նա նաև ադրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի՝ տեղական ժողովրդավարությանը վերաբերող հատվածին` նշելով, որ մի քանի շաբաթ առաջ ԵԽ ներկայացուցիչների մասնակցությամբ ղեկավար կոմիտեի նիստում որոշվել են իրականացվելիք աշխատանքների ուղղությունները: Դրանք վերաբերելու են վարչատարածքային բարեփոխումների, ֆինանսական ապակենտրոնացման հետագա քայլերի օժանդակությանը, համայնքների կարողությունների զարգացմանը:

Զեկուցողները տեղեկացրել են, որ այցից հետո կպատրաստեն զեկույցի և առաջարկությունների նախագիծ, որոնք կներկայացվեն Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովին, Կոնգրեսի լիագումար նիստում այն նախատեսվում է քննարկել 2014թ. մարտին: Զեկույցի նախագիծը նախապես կներկայացվի նաև հայկական կողմին` առաջարկություններ ստանալու նպատակով:

Նույն շարքից