Տնտեսություն 

Էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Արևելյան գործընկերության 2-րդ գործարար համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նոյեմբերի 27-ից 29-ը կգտնվեն Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում`  մասնակցելու Արեւելյան գործընկերության 2-րդ գործարար համաժողովին: 


Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե համաժողովը կազմակերպվել է Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրամիության Խորհրդի Լիտվայի նախագահության և «Բիզնես Յուրոփ»-ի համատեղ ջանքերով` Արևելյան գործընկերության 3-րդ գագաթաժողովի շրջանակներում:


Համաժողովը հնարավորություն կընձեռի երկրների գործարար համայնքների և պետական հատվածի ներկայացուցիչներին համատեղ քննարկել Արևելյան գործընկերության ռազմավարական քաղաքականությունից բխող, առևտրի զարգացմանն ու տնտեսական կապերի ամրապնդմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաև Արևելյան գործընկերության ծրագրի հիմնական ուղղությունները, ոլորտային համագործակցության և նոր գործարար շփումների հաստատման հնարավորությունները:


Գործարար համաժողովի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարը և նախարարի տեղակալը կհանդիպեն Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտեռեռի և Եվրոպական Հանձնաժողովի Եվրոպական օժանդակության զարգացման և համագործակցության Գլխավոր տնօրինության (DG DEVCO) Հարևանության հարցերով տնօրեն Մայքլ Քյոլերի հետ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից