Սպորտ 

ԱՄԷ-ն ուզում է կիրառել շախմատի դասավանդման հայկական փորձը

analitik.am

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով  Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը  հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն «Շախմատը դպրոցում» կրթական ծրագիրը ներդնել նաեւ ԱՄԷ-ում եւ այս հարցում ակնկալում են  հայկական կողմի մասնագիտական եւ խորհրդատվական աջակցությունը:  Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է որ Հայաստանի կրթության  եւ գիտության նախարարությունը պատրաստ է շախմատի դասավանդման  հայկական փորձը փոխանցել ցանկացած երկրի եւ բաց է համագործակցության համար՝ սկսած դասագրքերի, կրթական ծրագրերի ու մեթոդական ձեռնարկների տրամադրումից,  մինչեւ մասնագետների վերապատրաստում:


«Շախմատը մեզ համար ազգային հպարտություն է, ուստի պատահական չէ, որ շախմատի ներդրումը  հանրակրթական դպրոցներում հանրային մեծ աջակցություն է վայելում»,- իր խոսքում ընդգծել է  Ա. Աշոտյանը՝  նշելով, որ ի սկզբանե  հիմնական նպատակը եղել է երեխաների մոտ տրամաբանական մտածողության, ստեղծագործական եւ վերլուծական մտքի զարգացումը, լիդերության հատկանիշների ձեւավորումը: 


«Կատարված  գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ այս նպատակներն արդարացվել են եւ շախմատի ուսուցումը նպաստում է նաեւ այլ առարկաների յուրացման աստիճանի բարձրացմանը»,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը:


Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձեւաչափով ՝մասնագետների եւ փորձագետների համար ապահովելով փորձի արդյունավետ փոխանակում: Որպես առաջին քայլ՝ ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահն իր հետ կտանի «Շախմատ» առարկայի հայկական  դասագրքերն ու մեթոդական ծրագրերը:

Նույն շարքից