Տնտեսություն 

Ոսկերիչները գործադուլ են հայտարարել

analitik.am

Կառավարության առջև նոյեմբերի 28-ին հավաքվել են «Ոսկու աշխարհ» առևտրա-արտադրական համալիրի մի քանի տասնյակ վաճառողներ, որոնք դժգոհում են Լևոն Խալիկյանի ղեկավարած՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության գործունեությունից։


Արդեն երեք օր է՝ տեսչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում ոսկու շուկայում և խոշոր չափերի տուգանքներ նշանակում՝ ոսկու «Սասունցի Դավիթ» հարգի սխալ դրոշմի համար։


«25 հազար դրամանոց զարդի համար տուգանում են 50 հազար դրամ»,- NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեց շուկայի վաճառող Հրաչյա Հարությունյանը՝ նշելով, որ ամենաբարձր տուգանքը եղել է 2 մլն 700 հազար դրամ։


Նրանք հայտարարել են, որ տեսուչներին այլևս չեն թողնելու մտնել շուկա և պահանջել են, որ կառավարությունից պատասխան տան։


«Պրոբը խփում է հարգադրոշման ինսպեկցիան, ու եթե նա ծուռ է խփում կամ լավ չի խփում, մենք դրա համար մեղավոր չենք»,- ասաց ոսկերիչներից մեկը։


Ոսկերիչներն այսօրվանից գործադուլ են  սկսել, բայց շուկան ամբողջությամբ փակ չէ։ Վաճառողները մեր թղթակցին ասացին, որ շատերը չեն միացել իրենց, որովհետև վախենում են։


Քիչ առաջ բողոքարարներին մոտեցավ կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը նրանց խորհուրդ տվեց վերադառնալ աշխատանքի՝ խոստանալով, որ տեսուչները նրանց այլևս չեն այցելի։


Ոսկու աշխատակիցները հայտարարեցին, որ չեն հավատում Ղազարյանին և չեն հեռանա այնքան ժամանակ, մինչև գրավոր պատասխան չստանան։

Նույն շարքից