Տնտեսություն 

2014-ի բյուջեին վերաբերող ԱԺ 326 առաջարկներից ընդունվել է 31-ը

analitik.am

ԱԺ պատգամավորների, խումբ-խմբակցությունների կողմից 2014թ. բյուջեի նախագծում փոփոխությունների 326 առաջարկ է ներկայացվել, որոնց հիմնական մասը վերաբերում է տարբեր նպատակներով ծախսերի ավելացմանը կամ նախատեսմանը, արդեն նախատեսված ծախսերի վերաբաշխմանը և լրացուցիչ եկամուտների հավաքագրմանը: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: 

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ ԱԺ-ի կողմից արվել են 196 մլրդ դրամի լրացուցիչ ծախսերի և 299 մլրդ-ի լրացուցիչ եկամուտների առաջարկներ: Ներկայացված առաջարկությունների քննարկման արդյունքում ընդունելի կամ մասնակի ընդունելի են համարվել 31 առաջարկ, 208 առաջարկ պարզաբանվել են, որոնք հետագայում կարող են ընդունելի համարվել միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կազմելիս, և ընդունելի չեն համարվել 87 առաջարկություն: 

Բյուջեում փոփոխություններ են կատարվել նաև՝ կապված փոխարժեքի փոփոխության հետ. օրենսդրության համաձայն՝ փոխարժեքը բյուջեում պետք է լինի 2013թ. նոյեմբերի 1-ի փոխարժեքը: 

Ֆինանսների նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ (նաև փոխարժեքի փոփոխություններով պայմանավորված) 1 մլրդ 480 մլն դրամով ավելացվել են եկող տարվա բյուջեի մուտքերը (եկամուտները) և ճիշտ այդքան էլ՝ ծախսերը: Ծախսերից ավելացվել են, մասնավորապես, արտարժութային պետական պարտատոմսերի սպասարկմանը ուղղվող գումարները՝ 17 մլրդ դրամ, կրթական և տրանսպորտային օբյեկտների գծով ծախսերը՝ 5.5 մլրդ դրամ և այլն:

Նույն շարքից