Մայրաքաղաքի «Երևան» հյուրանոցում կայացավ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագաh Արթուր Գևորգյանի մամուլի ասուլիսը: Նախագահը ներկայացրեց 2014-ին կատարած աշխատանքը, անդրադարձավ 2015-ի անելիքներին:
Նշվեց, որ գրանցվել են բացառիկ հաջողություններ: Ունեցել ենք աշխարհի երիտասարդների չեմպիոն, պատանեկան օլիմպիական խաղերի մեդալակիր: Մերոնք միջազգային մրցաշարերում 7 ոսկե, 10 արծաթե և 8 բրոնզե մեդալի են արժանացել:Այս տարի մեծահասակաների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ թեև չեն կազմակերպվել, այդուհանդերձ, մեր երկրի մեծահասակների հավաքականը մասնակցել է 6 միջազգային մրցաշարի, և Հայաստանի ներկայացուցիչները 25 մեդալի են տիրացել՝ 7 ոսկե, 10 արծաթե, 8 բրոնզե: «Վերջին 15 տարվա ընթացքում հայկական բռնցքամարտում նման հաջողություններ չեն գրանցվել»,- պարզաբանեց Գևորգյանը:
2015-ի գլխավոր իրադարձությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում առաջին անգամ կայանալիք Եվրոպայի մարզական խաղերն են: Ստուգատեսի ծրագրում է նաև բռնցքամարտը: Ֆեդերացիայի նախագահը հայտնեց, որ դեռ չեն որոշել՝ մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ:
Այնուամենայնիվ, խնդրեցինք հստակեցնել անելիքը, քանի որ մինչև 2015-ը Հայաստանի ներկայացուցիչներն անհրաժեշտ է կողմնորոշվեն Ադրբեջան պատվիրակություն ուղարկելու հարցում: Պետք է որոշում կայացնի ՀԱՕԿ-ը: Ընդ որում, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների առջև խնդիր է դրված գործուղել միայն այն մարզիկներին, ովքեր մեդալների կարող են հավակնել:
Պարզաբանվեց, որ բավականին բարդ է Բաքվի խաղերին մասնակցելու հարցի պատասխանը գտնելը, քանի որ. վստանգավոր է: «Գիտենք, թե ինչ երկրի մասին է խոսքը և վստահել, թե իրենք կապահովեն մեր մարզիկների անվտանգությունը, կասկածելի է: Բռնցքամարտիկների մասնակցության որոշումը ֆեդերացիան պետք է կայացնի: Ունենք ուժեղ մարզիկներ, բայց ծնողներն ուղղակի հրաժարվում են իրենց երեխաներին թույլ տալ մասնակցել Բաքվի խաղերին: Մենք պետք է համատեղ որոշում կայացնենք: Նման մթնոլորոտւմ մասնակցել և փայլուն արդյունքներ ունենալ, շատ բարդ է: Իսկ այս պահին մենք չունենք այնպիսի մարզիկ, փայլուն մարզիկ, որ ուղղակի թքած է կունենա այնտեղ տիրող մթնոլորտի վրա և լավ արդյունքի կհասնի: Իսկ մասնակցել խաղերին և առանց մեդալի վերադառնալը, մեր համար ցանկալի չէ»,- նշեց Գևորգյանը:
Հայտնվեց, որ 2016-ի օլիմպիական խաղերում նախընտրելի է ոչ թե մեծ թվով մարզիկներ ունենալ, այլ այնպիսիք, ովքեր կհավակնեն մեդալների:
«Չեմ ընդունում, երբ օլիմպիական խաղերում մարզիկները կարևորում են սոսկ մասնակցությունը: Բռնցքամարտի ֆեդերացիայիում այդ գաղափարախոսությունը չկա: Օլիմպիական խաղերը՝ տուրիզմի համար չեն կազմակերպվում»,-ասաց ֆեդերացիայի նախագահը: